Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Երբ կլինի նոր ԱԺ-ի առաջին նիստը և քանի պատգամավոր կլինի ԱԺ-ում. Պարզաբանում է ԿԸՀ նախագահը

analitik.am

Ընտրությունների ամփոփումը տեղի կունենա քվեարկությունից հետո 7-րդ օրը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Ինչ վերաբերում է մանդատների վերաբաշխմանը, Մուկուչյանը նշեց, որ այս պահին ձեռնպահ կմնա թվեր ներկայացնելուց, քանի որ կան գործառույթներ, որոնց կատարումը կարող է ազդել այդ թվերի վրա: Այս կապակցությամբ ԸՕ-ն սահմանել է հստակ ժամկետներ, յուրաքանչյուր ժամկետի ավարտով սկսվում է մյուս գործառույթը: Հնարավոր է հիմա հրապարակվեն ինչ-ինչ թվեր, որոնք հետագայում հրապարակվող թվերին չհամապատասխանեն, դրա համար պետք չէ հիմա թվեր ասել:

Մանդատների բաշխման սկզբունքը լինելու է հետևյալը՝ նախ որոշվելու են այն ուժերը, որոնք լինելու են նոր խորհրդարանում, դրանից հետո ԸՕ-ն նախատեսված 105 մանդատները համամասնորեն բաշխվելու են ստացված ձայներին համապատասխան, որից հետո ստացված մանդատների կեսը կտրվի համամասնական ցուցակին, մյուս կեսը՝ տարածքային ընտրական ցուցակներին, որտեղ մանդատները բաշխվելու համար ևս կիրառվելու է բանաձև: Նախ որոշվելու է յուրաքանչյուր ընտրատեղամասին հասանելի մանդատների թիվը: Երբ պարզ կլինի, թե որ կուսակցությունը որ ընտրատեղամասում որքան մանդատ է ստանալու, դրանից հետո կորոշվեն կոնկրետ անձինք, որոնք կարող են ստանալ մանդատները: Իսկ մանդատների որոշումը յուրաքանչյուր տարածքի համար կայացվելու է հիմք ընդունելով այդ ընտրատարածքում կուսակցությունների ստացած կողմ ձայները:

Ինչ վերաբերում է նոր խորհրդարանի առաջին նիստին, Մուկուչյանը հայտարարեց, որ այս պահին չի կարող ասել, օրը հայտնի կլինի ընտրությունների արդյունքներն ամփոփելուց հետո:

Ավելի վաղ տարբեր փորձագետներ հաշվարկներ էին ներկայացրել, որոնք համաձայն նոր խորհրդարանում լինելու է 132 պատգամավոր՝ գործող ԱԺ-ի 105-ի փոխարեն:

Նույն շարքից