Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Նա չպետք է առաջադրեր իր թեկնածությունը. ԲՀԿ-ի ու Լուսավոր Հայաստանի պայքարը սկսվեց

analitik.am

Կարդացեք ԿԸՀ-ի հրապարակած ծախսերի հաշվետվությունը, համեմատեք մեր ծախսերը և խորհրդարան անցած ուժերի ծախսերը, հետո համեմատեք մեր ստացած մանդատների թիվը: Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց նոր խորհրդարանի երեք ուժերից մեկի՝ ԼՀԿ-ի նախագահ Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու իրենք չեղան խորհրդարանի երկրորդ ուժը, ինչի մասին պնդում էին:

Մարուքյանի խոսքերով, ահավոր մեծ ռեսուրս է դրվել, իրենց դեմ սարսափելի մեծ հակաքարոզչություն է իրականացվել, ինչն իր ազդեցությունն ունեցել է. «Ունենք այն, ինչ ունենք: Ես վստահ եմ, եթե կառավարության այն հիմնադրույթը, որը կապված է բիզնեսի և քաղաքականության տարանջատման հետ, իրացվեր այս 6 ամիսների ընթացքում, ԼՀԿ-ն անկասկած կլիներ երկրորդը: Այսինքն, միակ պատճառը, որ մենք երկրորդը չենք, բիզնեսի ու քաղաքականության միաձուլված համակարգի արգասիքն է: Այլ պատճառ չկա: Սա մեծ մասն է պատճառի, կան փոքր մասնիկներ ևս»:

Իր հերթին ԼՀԿ ցուցակով ընտրություններին մասնակցած Արման Բաբաջանյանը հայտարարեց՝ եթե Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետը չառաջադրվեր (հենց Էդուարդ Բաբայանն է ամենաշատը ձայնը ստացել ԲՀԿ-ից), իսկ նա պետք է չառաջադրվեր, ԼՀԿ-ն հաստատ երկրորդ տեղը կլիներ. «Գործի են դրվել միջոցներ, որոնք ապաքաղաքական են: Մենք վստահ ենք, որ այդ գործիքները լինելու են նաև հետայսու, ինչի հետ մենք չենք կարող հաշտվել: Նոր Հայաստանում նման բան լինել չի կարող: Խոսքը ԲՀԿ-ի ու նրա առաջնորդի մասին է»:

Գևորգ Գորգիսյանն էլ ասաց, որ ԼՀԿ-ն Երևանում երկրորդն է, իսկ ԲՀԿ-ի ռեսուրսն ավելի շատ աշխատել է այնտեղ, որտեղ բնակչությունը սոցիալապես խոցելի է. «Դա նշանակում է, որ այդ ընտրությունը եղել է ապաքաղաքական»:

 

ԼՀԿ հայտարարությունը.

Հայաստանում կայացած պատմական ընտրությունները, մեր երկրում հեղափոխության տրամաբանական շարունակությունն էին, դրա արժեքների կապիտալիզացիան ապահովող հիմնական գործընթացը։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը արժևորում է օրինական ընտրությունների կազմակերպման իրողությունը՝ իր երախտագիտությունը հայտնելով մեր կուսակցությանը վստահության քվե տված քաղաքացիներին։ Մենք դա համարում ենք մեր եռամյա ակտիվ գործունեության հանրային գնահատականը, ապացույցը, որ Հայաստանի հասարակությունն ունի իրապես ազատական ու եվրոպական մոդելի պետություն կառուցելու անվերապահ պահանջ։

Միևնույն ժամանակ դեկտեմբերի 9-ի ընտրություններով ավարտվում է հեղափոխությունը ու երկիրը թևակոխում է համակարգային, ինստիտուցիոնալ բարեփոխումների փուլ, որտեղ խորհրդարանն ունի հայեցակարգային մոտեցումներ ունեցող, փոխզսպող և հակակշիռ հանդիսացող ուժի անհրաժեշտություն։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քաղաքակրթական և արժեքային ընդդիմություն է՝ ձևավորված քաղաքական մեծամասնությանը։ Միաժամանակ, մտահոգ ենք, որ անգամ հեղափոխությունից հետո խոշոր բիզնեսը և քաղաքականությունը շարունակում են մնալ քաղաքական խրոնիկ հիվանդ համակարգի հետևանք, որի դեմ պայքարը լինելու է մեր ուժի գլխավոր առաջնահերթություններից մեկը։

Հավատարիմ ենք Լուսավոր Հայաստան Կուսակցության կողմից որդեգրված  արժեքներին և սկզբունքներին, որը միտված է համակարգային բարեփոխումների իրականացմանն ու այդ արժեքների շուրջ հասարակության լայն համախմբմանը։ Որպես նոր Հայաստանի պատմական ընտրության արդյունքում խորհրդարանական միակ ընդդիմադիր ուժ՝ միշտ բաց ենք համագործակցության համար խորհրդարանից դուրս գործող արժեքավոր քաղաքական ուժերի և անհատների հետ։

 

Լուսավոր Հայաստան Կուսակցություն

10.12.2018

 

 

Նույն շարքից