Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Սա պարտություն է, սակայն ոչ մեր ընտրողների. ՀՅԴ հայտարարությունը

analitik.am

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ներկայացված չի լինի Հայաստանի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային Ժողովում:

«Սա պարտություն է, սակայն ոչ մեր ընտրողների:

Եվ այս պարտության մեջ մենք տեսնում ենք հետևյալը.

Ա. Ընտրողն այսօր իր ձայնը տվեց անհատին, ոչ գաղափարին ու ծրագրին,

Բ. Ընտրության մասնակիցների մի ստվար զանգվածն այսօր կենտրոնացած է «ներքին թշնամու» կերպարի վրա ու ապշելու աստիճան անհոգ է արտաքին և ներքին վտանգներին հանդիման,

Գ. Դաշնակցության մոտեցումներն այսօր ընկալվում են փոքրամասնության կողմից,

Դ. Պատշաճորեն չի կարևորվում Արցախյան գործոնը քաղաքական օրակարգում,

Ե.Ձևավորվում է Ազգային ժողով առանց հստակ գաղափարական և ազգային դիմագծի:

Այս կարճատև քարոզարշավը նաև կարևորվեց նրանով, որ մենք՝

Ա. Ստացանք իրատեսական պատկերացում համակիրների այն բանակի մասին, որը կմասնակցի մեր պայքարին: Այդ բանակը փոքրաթիվ է, բայց փոխարենը իրական, նրա որոշումը հստակ է, ոչ մոդայիկ և թելադրված է միայն ու միայն ներքին համոզմամբ ու հստակ գիտակցությամբ: Ոչ մի անգիտակից քվե, ոչ մի պատահական մարդ:

Բ.Կարողացանք բանավիճել, բարձրաձայնել մեր մտահոգությունները, հակադարձել վտանգավոր միտումներին, բերել մեր փաստարկները: Այս պահին մեր խոսքը լայն ընկալում չունեցավ ու թերագնահատվեց, սակայն մեզ հաջողվեց ցույց տալ իրավիճակն անտեսված կողմից, մտածելու ու վերլուծելու առիթ ստեղծել ու արթնացնել զգոնությունը:

Ժամանակի ընթացքում անկողմնակալ, հայրենիքի ճակատագրով մտահոգ ու Արցախի հիմնախնդրի նշանակությունը ճիշտ պատկերացնող մեր քաղաքացիները կհամադրեն ամեն օր ստացվող նորությունները մեր հնչեցրած մտահոգությունների հետ և կգիտակցեն, թե ինչի մասին էինք խոսում, ահազանգում:

Մենք շնորհակալ ենք ՀՅԴ-ին կողմ քվեարկած քաղաքացիներին,

Մենք շնորհակալ ենք մեր երիտասարդներին՝

– անմնացորդ նվիրումի ու կրակոտ էներգիայի համար,

– մեր ընդհանուր գործի մեջ հոգի դնելու համար,

– հայության ամենաազգային և ամենապատասխանատու կազմակերպության հետ իրենց կյանքը կապելու համար,

Շնորհակալ ենք մեր շարքերին՝

  • ամենօրյա հետևողական աշխատանքի,
  • տարիներով ապացուցված հավատարմության,
  • խստապահանջության, դիտողությունների, բայց և կարգապահության համար:

Փակվում է պատմության այս փուլը ու գալիս է նորը: Մենք մուտք ենք գործում այդ նոր պատմության մեջ համազգային կուռ կառույցով, ապագայի մեր երազանքով ու պայքարելու վճռականությամբ», – ասված է ՀՅԴ հայտարարությունում։

 

Նույն շարքից