Միջազգային Քաղաքականություն 

Ռուսաստանը որևէ կապ չունի Ֆրանսիայում տեղի ունեցող բողոքի ակցիաների հետ. Պեսկով

analitik.am

Ֆրանսիայում տեղի ունեցող բողոքի ակցիաների հետ Մոսկվայի կապի մասին խոսակցությունները զրպարտություն են: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Փոխանցում է Ինտերֆաքսը: Պեսկովը նշել է, որ Փարիզում տեղի ունեցող իրադարձությունները բացառապես Ֆրանսիայի ներքին գործն է, Ռուսաստանը չի միջամտել և չի պատրաստվում միջամտել որևէ պետության ներքին գործերին:

Պեսկովը նշել է, որ Մոսկվան կարևորություն է տալիս Փարիզի հետ հարաբերությունների զարգացմանը. «Երկու կողմերն էլ այդ ուղղությամբ ակտիվ աշխատում են: Մենք հարգանքով ենք վերաբերվում Ֆրանսիայի սուվերենությանը, մենք երախտապարտ ենք, երբ ֆրանսիական կողմը փոխադարձաբար է մեզ պատասխանում այս հարցում»:

Լրագրողների այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի տեղեկությունն այն մասին, որ Ֆրանսիան սկսել է հետաքննել փարիզյան դեպքերի հետ  Ռուսաստանի հնարավոր կապի հարցը, Պեսկովն ասել է.  «Ես ձեզ կուղղեմ՝ ոչ թե Ռուսաստանի հնարավոր առնչության, այլ ինչպես ես լսել եմ հայտարարության մեջ՝ դրսից հնարավոր միջամտության: Ռուսաստանին արդեն հետո մեր «ընկերներն» այստեղ ներառեցին»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը հայտարարեց, որ իշխանություններն ուսումնասիրում են փարիզյան բողոքի ակցիաների վրա  այլ երկրներից հնարավոր ազդեցության հարցը: Ավելի վաղ  The Times -ը նյութ էր հրապարակել  «հարյուրավոր օգտատերերի » մասին, որոնք կապ ունեն Ռուսաստանի հետ և փորձել են ուժեղացնել Ֆրանսիայում ընթացող բողոքի ակցիաները:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի կեսերին Ֆրանսիայում զանգվածային բողոքի ակցիաներ սկսվեցին՝ կապված կառավարության կողմից առաջարկվող բենզինի հարկը բարձրացնելու ծրագրի հետ: Ակցիան ստացավ

«Դեղին բաճկոն» անվանումը, քանի որ ցուցարարները հագնում են վարորդների համար նախատեսված  լուսարձակող բաճկոններ: Երկրով մեկ ձերբակալված են մոտ 1200 ցուցարար:

Նույն շարքից