Արդեն 8-րդ օրն է, որ «Պարալլելս» Ֆիլմպրոդաքշն կինոընկերության հիմնադիր տնօրեն, ռեժիսոր, պրոդյուսեր Հովհաննես Գալստյանը Մատենադարանի դիմաց հացադուլ է անում՝ իշխանություններից պահանջելով վերահաստատել նախկին իշխանության հետ կնքած պայմանագիրը:
Analitik.am-ը զրուցեց պարոն Գալստյանի հետ, ով ասաց, որ իր պահանջը հստակ է՝ ՀՀ ազգային կինոկենտրոնը և մշակույթի նախարարությունը ստանձնած պարտավորություն ունեն իրենց ընկերության հայ-բուլղար-գերմանական միջազգային նախագծի հանդեպ, որը պետք է կատարեին 2016-ից 2018 թվականների ընթացքում. «Նրանք 2016թ.-ին կատարել են պարտավորությունը, 2017-ին կատարել են, բայց նախարար Արմեն Ամիրյանը վերադարձնելու պայմանով ֆիլմից մի մաս գումար է վերցրել պետական այլ ծախսերի համար, բայց չի վերադարձրել, իսկ 2018-ին մշակույթի նախարարությունն անհասկանալի սկզբունքով նոր հանձնաժողով է ձևավորել, որը նոր կանոնակարգ է մշակել և չեղարկել է 2015 թվականին իրենց վերցրած պարտավորությունն ու պայմանագիրը»:
Գալստյանը նաև նշեց, որ այս ընթացքում այլ աղբյուրներից կարողացել են ֆինանսական միջոցներ ներգրավել. «Ֆիլմի արտադրությունը շատ լավ սխեմայով զարգանում էր և արդեն 40 րոպե նկարահանված նյութ ունեինք, մնում էր միայն գնայինք Բուլղարիա, որ այնտեղ շարունակեինք նկարահանումները և Գերմանիայում վերջացնեինք: Ամենակարևոր պահին, երբ ֆիլմի նկարահանման աշխատանքներն իդեալական վիճակում էին, մշակույթի նախարարությունը զրկեց ֆինանսավորումից: Սա անձնական թշնամանք է, որովհետև վաղուց պայքարում են կինոյի պետական կառավարման համակարգի դեմ, գաղափար չունեն՝ ինչ է պետական արտադրությունը, որովհետև երբեք չեն աշխատել միջազգային գործընկերների հետ և չգիտեն՝ ինչ է միջազգային ֆիլմարտադրությունը, և այդ մարդիկ ուղղակի փակում են ֆիլմի զարգացման ուղիները: Այս ամենից հետո կասեցրեցինք ֆիլմը, իսկ միջազգային գործընկերները սառեցրեցին իրենց ներդրումները»:
Նա նաև նշեց, որ այս հարցի հետ կապված արդեն դատական հայց են ներկայացրել ընդդեմ կինոկենտրոնի և մշակույթի նախարարության և, եթե մինչև 2018 թվականի ավարտը նրանք իրենց ստանձնած պարտավորությունները նորից չհաստատեն, իրենց միջազգային գործընկերները՝ Բուլղարիան ու Գերմանիան ընդդեմ ՀՀ մշակույթի նախարարության նոր հավելյալ հայց կներկայացնեն. «Սա կվերածվի միջազգային գործընթացի, և Հայաստանը շանս չի ունենա դրանից խուսափելու, որովհետև միջազգային համատեղ արտադրությունը շատ հստակ կանոններ ունի: Որպեսզի դրան չհասնի, սկսել եմ հացադուլ և մինչև 2018 թվականի ավարտը հորդորելու եմ խելքի գան, ինչ-որ պրոֆեսիոնալներից խորհուրդ հարցնեն, որովհետև իրենք ուղղակի անգրագրետ են, և վերահաստատեն իրենց պարտավորությունները մեր ֆիլմի հանդեպ»:
Գալստյանը նաև հայտնեց, որ այս 8 օրերի ընթացքում մշակույթի նախարարությունից ոչ ոք չի մոտեցել իրեն. « Միայն ՀՀ ամենաբարձր ատյանը՝ նախագահ Արմեն Սարգսյանն է մոտեցել ինձ, նրան ներկայացրել եմ խնդիրը, որոշ նյութեր եմ փոխանցել և հույս ունեմ, որ պարոն Սարգսյանը խնդրին լուծում կտա: Ֆիլմը սկսվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի մշակութային կապերի զարգացման համար միջպետական պայմանագիրը ստորագրելուց հետո: Այս ծրագրում Բուլղարիան մեր ֆիլմը որպես առաջնահերթություն ընկալելով աջակցել է, իսկ Հայաստանը, որ ինքն է արտադրում այդ ֆիլմը, հետ է կանգնում ծրագրից՝ ինձ հիմար ու անհեթեթ մեղադրանքներ տալով ու ասելով, որ նախորդ իշխանությունների հետ կոռուպցիոն սխեմաներով եմ աշխատել: Մեզ մոտ փաստաթղթային ամբողջ բազան կա և բնականաբար դատարանում հաղթելու ենք, պարզապես այս ամենից տուժում է արտադրությունը: Նման բան անում են ամենավերջին անգրագետները, որովհետև նախորդ իշխանությունների ժամանակ ֆիլմի նկարահանումների համար կնքած պայմանագիրը բնականոն հունով էր ընթանում: Նոր իշխանություններն առանց հիմնավորում ունենալու կասեցրեցին պայմանագիրը, միայն բացատրություն են ուղարկել, որ մենք նախկինում պարտավորություններ ունենք, բայդ դրանք հորինված բաներ են: Իրենց դատի տալուց հետո նրանք էլ որոշել են հակընդդեմ հայցով հանդես գալ»:
Ռեժիսորի խոսքերով, իր խնդիրն իշխանությունների հետ չէ, որովհետև ՀՀ-ում չի եղել այնպիսի իշխանություն, որին սրտանց սիրի. «Բայց ներկայում տիրող անգրագիտությունն ուղղակի անցել է բոլոր սահմանները, հնարավոր չէ աշխատել այդ մարդկանց հետ, նրանք մի պարզ պատճառով ատում են պրոֆեսիոնալներին, որովհետև ընդունում են, որ իրենք տգետ են ու փոխարենը լսեն, իրենք պատերազմ են տանում այդ պրոֆեսիանալների դեմ: Շատ մարտական եմ տրամադրված, գնալու եմ մինչև վերջ և ֆիլմն էլ նկարահանելու ենք, ու ֆիլմի վերջում էլ գրելու ենք, որ այս մարդիկ խոչընդոտել են ֆիլմի առաջընթացին, որ իրենց սերունդների կողմից ամոթանք ստանան: Մի փոքր պասիվ էի ու զսպում էի ինձ, որ ընտրությունների հետ կապված չշահարկեն դա, և ամսի 12-ին մամուլի ասուլիս ենք հրավիրել, որին սկայպի միջոցով կմասնակցեն նաև Բուլղարիայի և Գերմանիայի կոլեգաները, այդ ամենից հետո մեր քայլերը կկոշտանան, եթե մեր իշխանությունը սովոր է դեմոկրատ ակցիաների, ուրեմն կգնանք կառավարություն և կփակենք կառավարության մուտքը: Մեր միջազգային գործընկերները նամակ են գրել նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, բայց արձագանք չեն ստացել»:
Օֆելի Իսրայելյան