Հայաստան Քաղաքականություն 

Ընտրությունների  ողջ գիշերը ՀՀԿ-ն անցկացրել է ոտքի վրա՝ անքուն. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Ընտրությունների  ողջ գիշերը ՀՀԿ-ն անցկացրել է ոտքի վրա՝ անքուն, կարևոր ռեյտինգայիններին Սերժ Սարգսյանը մարզերից կանչել է, հետները որոշ հարցեր քննարկել՝ ապագա պայքարի, իրենց անելիքների մասով։ Տուն են գնացել առավոտյան՝ ԿԸՀ-ի կողմից նախնական արդյունքների հրապարակումից հետո։ Մինչ տուն գնալը քննարկման առարկա է եղել ընտրությունների արդյունքների բողոքարկման հարցը։

Կարծիքները կիսվել են՝ ապացույցների լայն բազա է պետք դրա համար, ինչն այս պահին չկա՝ պնդել են բողոքարկմանը դեմ ՀՀԿ-ականները։ Բողոքարկելու հիմնական ջատագովներից է եղել ՀՀԿ կազմակերպիչ Ռուբեն Թադևոսյանը, որը պնդել է, որ տարածքային մի շարք կառույցներից այլ արդյունքներ են ստացել,  և հնարավոր է մնացյալ տեղերում ևս այդ վիճակը լինի։ Մյուսներն էլ ասել են, որ եթե անգամ երկաթյա ապացույցներ չկան, միևնույն է, պետք է բողոքարկել, որպեսզի հետագայում որևէ մեկի կողմից չասվի, թե իրենք այս ընտրությունների արդյունքները ճանաչել են, ինչպես վարվել էր ժամանակին Նիկոլ Փաշինյանը՝ ՍԴ չդիմելով։

Հիշեցնենք, որ բողոքարկումները պետք է լինեն մեկ շաբաթվա ընթացքում՝ մինչև ԿԸՀ-ի կողմից վերջնական արդյունքների հրապարակումը, որը կլինի ամսի 16-ին։ Այդ դեպքում արդեն նոր պառլամենտն իր անդրանիկ նիստը կհրավիրի դեկտեմբերի 24-ին։ «Իսկ եթե քաղաքական ուժերից որևէ մեկը բողոքարկի, ապա նիստը կտեղափոխվի արդեն հունվար»,- տեղեկացրեց մեր աղբյուրը»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից