Հասարակություն 

Բաղրամյան պողոտայի առաջին փակուղին անվանակոչվեց Ռաֆայել Լեմկինի անվամբ

analitik.am

Մայրաքաղաքում այսօր տեղի է ունեցել հայտնի իրավաբան, «ցեղասպանություն» եզրույթի հեղինակ Ռաֆայել Լեմկինի փողոցի անվանակոչման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Աշոտ Հովակիմյանը, Երևանում անցկացվող «Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» երրորդ համաշխարհային ֆորումի մասնակիցներ, հյուրեր:

Ներկաներն իրենց ելույթներում առանձնակի կարևորել են Ռաֆայել Լեմկինի ավանդը Հայոց ցեղասպանության խնդրի բարձրաձայնման և միջազգային ճանաչման, ինչպես նաև ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիայի ընդունման գործում ու նկատել, որ Երևանում նրա անվամբ փողոց ունենալը յուրօրինակ մեծարում է:

Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը նշել է, որ այս փողոցը ցեղասպանությունների ճանաչման ու կանխարգելման տեսանկյունից ևս մեկ ազդակ կհանդիսանա:

Ցեղասպանության կանխարգելման խնդիրներով ՄԱԿ-ի հատուկ խորհրդական Ադամա Դիենգն էլ իր հերթին հույս է հայտնել, որ այս նախաձեռնությանը կհետևեն նաև աշխարհի տարբեր քաղաքապետարաններ:

Փողոցի անվանատախտակի բացումն իրականացրել են Երևանի քաղաքապետի տեղակալն ու ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը:

Նույն շարքից