Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, Սասնա ծռեր խմբի գործով դատական նիստին տուժողի իրավահաջորդ ներգրավվեց ՊՊԾ գնդում սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի կինը, դատարանը նրա միջնորդությունը բավարարեց, իսկ Տեփանոսյանի հորը՝ Վահրամ Տեփանոսյանին, հեռացրեց գործի վարույթից:
Ավելի ուշ Վահրամ Տեփանոսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իր որդուն սպանել են ոստիկանները, քանի որ ոստիկանների շրջանում զոհ ունենալու անհրաժեշտություն է եղել: Ավագ Տեփանոսյանի խոսքերով, ինքն ունի համապատասխան ապացույցներն ու ապացուցելու է դա:
Սպանված ոստիկանի հոր հետ կտրականապես համաձայն չէ Յուրի Տեփանոսյանի կինը՝ Արփինե Թումասյան-Տեփանոսյանը: Վերջինս պնդում է, իր ամուսնուն սպանել են հենց Սասնա ծռերի անդամներն ու ինքը մինչև վերջ գնալու է բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:
Հիշեցնենք, որ Յուրի Տեփանոսյանն այն ոստիկանն է, ով սպանվեց ՊՊԾ գնդի տարածքից դուրս: