Հասարակություն 

Քրեակատարողական ծառայությունը հերքում է

analitik.am

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը հարկ է համարում տեղեկացնել, որ «Ժամանակ» օրաթերթում 2018 թվականի դեկտեմբերի 12-ին տեղ գտած, այսուհետ նաև մի շարք էլեկտրոնային լրատվամիջոցներով տարածած «Բարձիթողի վիճակ՝ ՔԿՀ-ներում․ աշխատակիցները փող են աշխատում բանտախցի դռները բաց պահելու համար» վերտառությամբ հրապարակումն ակնհայտ ապատեղեկատվություն է։

Հոդվածում, ի թիվս այլ ապատեղեկատվության, մասնավորապես մտահոգություն է արտահայտվում, թե նոր Հայաստանում ՔԿՀ-ներում շուրջ իբրև թե տարբեր խմբավորումներ են ձևավորվել, որոնք հսկայական գումարներ են աշխատում կալանավորներին ալկոհոլ, թմրադեղեր կամ սնունդ մատակարարելու միջոցով։

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը հայտարարում է, որ տարածվածն ակնհայտ ապատեղեկատվություն է և նպատակ ունի բացառապես երևակայություններով ստվերել վերջին ամիսներին Քրեակատարողական ծառայությունում տեղի ունեցած թե՛ օրենսդրական և թե՛ կազմակերպչական բարեփոխումները, որոնց դերի ու նշանակության մասին բազմիցս բարձրաձայնվել է պետական իշխանության տարբեր ծառայությունների, պաշտոնատար անձանց, ինչպես նաև անազատության մեջ պահվող անձանց հարազատների կողմից։

Այնուհանդերձ, հավատարիմ լինելով բաց ու թափանցիկ գործելաոճին, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունն իր պատրաստակամությունն է հայտնում խորությամբ ուսումնասիրել հրապարակմամբ ներկայացված «ապօրինությունների» վերաբերյալ ցանկացած հասցեական փաստարկ՝ միաժամանակ երաշխավորելով տեղեկատվություն տրամադրողի գաղտնիությունը։

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը դիմել է նաև «Ժամանակ» օրաթերթին՝ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն պահանջելով օրաթերթում հրապարակել  դրա հերքումը։

Նույն շարքից