Հասարակություն Բարի օր 

Հայերը խելացի և աշխատասեր ժողովուրդ են. Դոնալդ Թրամփ

«Թրամփի հետ էլ առիթ ունեցա խոսելու: Հայ եմ, ասացի, օ, պատասխանեց՝ խելացի, աշխատասեր ժողովուրդ», -պատմում է Վիգեն արքեպիսկոպոս Այկազյանը։ Նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված օրենքի շրջանակներում Միացյալ Նահանգներն ուղղակի օգնություն կտրամադրի Մերձավոր Արևելքում բնակվող քրիստոնյաներին, եզդիներին և այլ փոքրամասնություններին:

«Այս օրենքը շարունակությունն է իմ վարչակազմի աշխատանքի, որն ԱՄՆ-ի օգնությունը հասցեական ուղղում է հալածվող համայնքներին, այդ թվում և կրոնական կազմակերպությունների միջոցով», - նշել է Դոնալդ Թրամփը:

Սպիտակ տանը կայացած ստորագրման արարողությանը Միացյալ Նահանգների կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներից ներկա էր միայն Հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոս Այկազյանը: Մյուս կրոնականներն արտերկրից էին ժամանել:

«Այս փաստաթղթով մեր պետությունը որոշել է, որ հետայսու պիտի թույլ չտա, որ քրիստոնյաները տառապեն և ամեն կերպ նյութական և բարոյական օգնություն տրամադրի նրանց», - Վիգեն արքեպիսկոպոս Այկազյանի խոսքով, ԱՄՆ-ի օգնությունը նախատեսվում է բաշխել ինչպես Իրաքում և Սիրիայում բնակվող, արդեն փոքրաթիվ քրիստոնյա համայնքների, այդպես էլ՝ հալածանքների պատճառով այլ երկրներ տեղափոխված քրիստոնյաների և եզդիների միջև.

«Նրանք, ովքեր գաղթական են և ծանր վիճակում են, նույնպես պետք է օգտվեն ամերիկյան նպաստից: 300 միլիոն դոլարի մասին է խոսքը»:

Ստորագրման արարողությանը նախորդած զրույցներում Պետքարտուղարության ներկայացուցիչը հատուկ ընդգծել է Հայաստանի ներդրումը Մերձավոր Արևելքից քրիստոնյա գաղթականներին ընդունելու գործում, նշում է արքեպիսկոպոսն ավելացնելով, որ հատուկ տպավորված էր Հայաստան կատարած այցից Սպիտակ տան անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: Ինչ վերաբերում է նախագահ Թրամփին, ապա հայերի մասին նա լավ էր տեղեկացված.

«Ես հայ եմ, ասացի: Օ~, հայերն, ասաց, խելացի և աշխատասեր ժողովուրդ են: Այո, ասացի, և բարեկամներդ են»:

Ամերիկայի ձայն

Նույն շարքից