Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոսեց առաջիկայում կառավարության հիմնական անելիքների մասին:
Առաջինը, ինչի մասին վարչապետի պաշտոնակատարը նշեց, տնտեսական հեղափոխության շրջանակներում ներդրումների խրախուսումն է: Փաշինյանի խոսքերով, Հայաստանի նկատմամբ ներդրումային մեծ հետաքրքրություն կա, որը շարունակելու է աճել: Գործադիրի ղեկավարն ուղիղ հանձնարարական տվեց բոլոր պաշտոնյաներին աջակցել բոլոր ներդրումներին և խոչընդոտներ չհարուցել դրանց համար:
Երկրորդ կետը վերաբերում է ռազմաարդյունաբերական համալիրի զարգացմանը. «Մենք պետք է ի վիճակի լինենք էական զարգացում ապահովել: Այս խնդրի լուծումը ես կապում եմ Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելու մեր տեսլականի, ինչպես նաև Հայաստանում ինժեներական և տեխնիկական-գիտական միտքը զարգացնելու հրամայականի հետ»:
Հաջորդ առանցքային խնդիրը ԶՈւ-ի մարտունակության բարձրացման հարցն է: Փաշինյանի խոսքերով, առաջիկա 5 տարվա ընթացքում պետք է ԶՈւ-ի զարգացման համար ներդնել հավելյալ 2,5 միլիարդ դոլար, որի մի մասը պետք է ուղղված լինի զինծառայողների սոցիալական վիճակը բարելավելուն:
Վարչապետի պաշտոնակատարը խոսեց նաև կրթության, առողջապահության ոլորտներում լրջագույն բարեփոխումեր իրականացնելու մասին՝ հայտարարելով, որ դրանք պետք է նոր մակարդակի բարձրացվեն, հասանելի լինեն հասարակությանը:
Կարևորագույն անելիքներից մեկն էլ Հայաստանում ծայրահեղ աղքատությունն արմատախիլ անելն է, ինչի համար կա ՀՀ քաղաքացիների մանդատը: Խնդիրը պետք է առաջին հերթին լուծվի աշխատատեղեր ստեղծելով ու դրա համար բարենպաստ պայմաններ ունենալով: