Ես այդ ընտրատարածքում համապատասխան օլիգարխների կողմից համատարած ընտրակաշառք բաժանելու պարագայում ստացել էի 4 հազար ձայն, իսկ այս անգամ ստացել եմ 14 հազար քվե: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը՝ խոսելով այն մասին, թե ինչպես է կարողացել դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ մի քանի անգամ ավելացնել իր ձայների քանակը:
Հիշեցնենք, որ Հարությունյանն առաջադրվել էր Երևանի Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում: Նույն ընտրատարածքում անցած տարի գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ով այս տարի չմասնակցեց ընտրություններին, ստացել էր ավելի քան 42 հազար ձայն:
Հարությունյանի խոսքերով, դա շատ լավ գնահատական է իր կատարած աշխատանքի համար և լրացուցիչ մոտիվացիա՝ կրկնակի արդյունավոտությամբ ու ջանքով աշխատելու համար:
Հարցին, թե բավարար է արդյո՞ք այդքան ձայնն օրինակ ԱԺ-ում խմբակցության ղեկավար դառնալու համար, ԿԳ նախարարի պաշտոնակատարը նշեց, որ նման խնդիր դրված չի եղել, առևտուր չի գնում: