Գազի գնի շուրջ բանակցությունները Հայաստանի և Ռուսաստանի միջև շարունակվում են: Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:
Հարցին, թե կհասցնեն արդյո՞ք կողմերը մինչև պայմանագրի ավարտը՝ հունվարի 1-ը, ավարտին հասցնել բանակցությունները, նախարարի պաշտոնակատարը նշեց, որ դա խնդիր չէ, եթե լուծումը մինչ այդ չլինի, պայմանագրի ժամկետը կերկարաձգվի մինչև բանակցություններն արդյունք տան, իսկ բանակցությունները ծանր են ու երկարատև. «Քանի դեռ պայմանավորվածություն չկա, կլինի այն, ինչ կա այսօր: Հունվարի մեկից գինը պահպանվելու է այն չափով, որը կա այսօր, եթե կողմերն ընդհանուր հայտարարի չգան»:
Գազի գնի մասով Բաղրամյանը գին չասաց՝ նշելով, որ դա չի անի քանի դեռ բանակցությունները չեն ավարտվել: Նախարարի պաշտոնակատարը հայտնեց, որ բանակցությունները տարվում են գազի էժանացման ուղղությամբ, կողմերի տրամադրվածությունը բարեկամական է, տրամադրված են փոխշահավետ համագործակցություն ունենալ:
Բաղրամյանը բացառեց, որ գազի գինը հունվարի մեկից կթանկանա: