Հասարակություն 

Արմեն Գևորգյանը ցուցմունք է տվել դատարանում

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը ցուցմունք է տվել դատարանում, իրեն մեղավոր չի ճանաչում, առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Լրագրողների հետ զրույցոմ հայտարարել է Գևորգյանի փաստաբաններից Էրիկ Ալեքսանյանը:

Գևորգյանը մեղադրվում է արդարադատությանը խոչընդոտելու, Սահմանադրական կարգի տապալմանն օժանադակելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու և փողերի լվացման մեջ: Այսօր դատարանը քննում է նրա խափանման միջոցի հարցը: Այս պահին դատական նիստն ընդմիջվել է, այն կվերսկսվի ժամը 15:00-ին:

Ալեքսանյանը հայտնեց, որ Գևորգյանի մասնակցությամբ քննչական գործողություն կատարվել է. «Այն, որ նա ցուցմունք տվել է, արդեն նշանակում է, որ քննչական գործողություն կատարվել է: Իսկ առերեսման կամ այլ քննչական գործողությունների մասին չեմ կարող ասել»:

Փաստաբանը չգիտի, թե ինչ դիրքորոշում ունի Գևորգյանը գործի մասով՝ քաղաքական հետապնդում է այն արդյո՞ք, թե ոչ: Նախկին փոխվարչապետը հայտարարություն չի արել և երբ անի, այդ մասին հանրությունը կիմանա:

Ալեքսանյանը կանխակալ վերաբերմունք չի տեսնում դատարանի կողմից, հետևաբար ինքնաբացարկի մասին միջնորդություն ներկայացնելու անհրաժեշտություն չկա:

Փաստաբանը վստահեցրեց, որ Գևորգյանն ազատության մեջ գտնվելու դեպքում խոչընդոտներ չի հարուցելու քննության մասով, և այն, որ մինչ այսօր նման դրսևորում չի եղել, ևս մեկ անգամ ապացուցում է դա. «Եթե դատարանը գտնի, որ պետք է կալանավորումը լինի խափանման միջոցը, մենք կբողոքարկենք դա»:

Հարցին, թե շփում, կապ եղել է արդյո՞ք Գևորգյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև՝ հաշվի առնելով այն, որ նրանք նույն գործով են անցնում, Ալեքսանյանը՝ բացասական պատասխան տվեց՝ հավելելով նաև, որ իրենք չեն աշխատում Քոչարյանի փաստաբանների հետ:

Նույն շարքից