Տնտեսություն Բարի օր 

Դեկտեմբերի 24-ից մոտ 600 աշխատակից գործազուրկ է համարվելու. Ալավերդու պղնձաձուլարանի հարցը մնում է չլուծված

2018 թվականի հոկտեմբերի 19-ին դադարեցվեց  Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատանքները: Նոյեմբերի սկզբին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի օգնական Արեն Մկրտչյանը հանդիպել էին Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցների հետ, որպեսզի հարցին լուծում տային:

Analitik.am-ը զրուցեց Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցներից Արմեն Կիրակոսյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչ վիճակում է գտնվում պղնձաձուլարանի հարցը: Կիրակոսյանը նշեց, որ պղնձաձուլարանի հարցը մնում է նույն վիճակում. «Կառավարության անդամների հետ պայմանավորվածություն ունենալուց հետո ոչ մի դրական տեղաշարժ չի եղել, արդեն ծանուցումներ են եկել և դեկտեմբերի 24-ն էլ վերջնաժամկետն է, որովհետև այդ օրվանից չենք համարվելու պղնձաձուլարանի աշխատող»:

Ինչ վերաբերում է նոր աշխատատեղեր բացվելուն, Կիրակոսյանը նշեց, որ դրա մասին ոչ մի խոսակցություն չի եղել. «Դեկտեմբերի 24-ից մոտ 600 աշխատակից գործազուրկ է համարվելու: Սկզբում կային խոսակցություններ՝ անգամ ռուսաստանաբնակ ներդրող էր եկել Թեղուտի հանքի շահագործման հետ կապված: Նա շահագրգիռ կողմերի հետ հանդիպում է ունեցել, որի ընթացքում ներկա էինք նաև մենք, խոսք է տվել, որ մոտ ապագայում կշահագործվի հանքն ու Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցների մի մասն աշխատելու նպատակով կտեղափոխվեն Թեղուտ»:

Հարցին, թե նոր աշխատանքի  անցնելու համար կա՞ արդյոք կոնկրետ ժամանակահատված, Կիրակոսյանն ասաց, որ մինչև նոր աշխատանքի անցնելը չգիտեն՝  ինչքան են անգործ մնալու. «Այս պահին Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցների մոտ 80 տոկոսը մեկ ամիս է, որ տանն են»:

Նույն շարքից