Իրավական Հասարակություն 

Արմեն Գևորգյանի խափանման միջոցի մասին հարցի քննությունն ավարտվեց

analitik.am

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խափանման միջոցի մասին հարցի քննությունն Առաջին ատյանի դատարանում ավարտվեց: Դատարանի որոշումը հրապարակվելու է վաղը ժամը 16:00-ին: Այս մասին հայտնեց Գևորգյանի փաստաբաններից Էրիկ Ալեքսանյանը:

Գևորգյանը մեղադրվում է արդարադատությանը խոչընդոտելու, Սահմանադրական կարգի տապալմանն օժանադակելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու և փողերի լվացման մեջ: Դատարանը քննում է նրա խափանման միջոցի հարցը: 

Ալեքսանյանը նշեց, որ դատական  նիստի ժամանակ նախկին փոխվարչապետը հայտարարությամբ է հանդես եկել, սակայն բովանդակությունը չի կարող ամբողջությամբ հայտնել. «Այս պահին Արմեն Գևորգյանն ազատության մեջ է: Եթե քննիչի միջնորդությունը բավարարվի և նա կալանավորվի, այդ հայտարարությունը կտարածվի, բոլոր պարզաբանումները կտրվեն»:

Փաստաբանը հայտնեց, որ իրենք նաև գրավի միջնորդություն են ներկայացրել. «Եթե դատարանն այնուամենայնիվ որոշում կայացնի բավարարել քննիչի միջնորդությունը, խնդրել ենք կալանավորմանն այլընտրանքային խափանման միջոց կիրառել նաև գրավը: Չափը չենք նշել, թողել ենք դատարանի որոշմանը»:

 

 

Նույն շարքից