Դեկտեմբերի 13-ին կայացավ «Կանանց նկատմամբ բռության և ընտանեկան բռնության դեմ պայքարը և կանխարգելումը Հայաստանում» ծրագրի ավարտական միջոցառումը:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ արդարադատության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, Եվրոպայի խորհրդի գրասենյակի ներկայացուցիչներ ու փորձագետներ:
Բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալիա Վուտովան: Նա ներկայացրեց ծրագրի կարևորությունը Հայաստանում` կանանց նկատմամբ բռության կանխարգելման և ընտանիքում կատարվող բռնությունների դեմ պայքարում:
Ոստիկանության ՔՀԳՎ 3-րդ վարչության պետ Նելլի Դուրյանը մանրամասնեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, բռնության ենթարկված անձանց պաշտպանության և համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի շրջանակներում ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանմանը վերապահված և իրականացվող գործառույթները:
Միջոցառման ընթացքում կարևորվեց փորձի փոխանակումը, ինչը հնարավորություն կտա ճիշտ կիրառել օրենքի դրույթները:
Ծրագրի նպատակն է նպաստել կանանց նկատմամբ բռնության և ընտանիքում բռնության դեմ պայքարին, ինչպես և կանխարգելմանը ներգրավված իրավապահների կարողությունների զարգացմանն ու բազմագերատեսչական համագործակցության ամրապնդմանը:
Ոստիկանության համագործակցությունը շահագրգիռ մարմինների, պետական ու միջազգային հասարակական կազմակերպությունների հետ կրելու է շարունակական բնույթ: