Հասարակություն Բարի օր 

Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումից հետո ՄԻՊ-ը գրություններ ու հարցումներ է նախապատրաստում

Այս ընտրություններն աչքի ընկան նրանով, որ հատկապես համացանցում կար ատելության խոսքի աճ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՄԻՊ Արման Թաթոյանը՝ հավելելով, որ դա մտահոգիչ է, պետք է առաջնահերթ կերպով քայլեր ձեռնարկել այն նվազեցնելու համար. «Այս ընտրությունները պետք է բաժանարար գիծ լինեն, լարվածության, ատելության էջը պետք է փակել: Ես շատ եմ կարևորում այն, որ տարբեր գործիչներ նշում են խնդրի մասին և կարևորում դրան վերջ տալը»:

Թաթոյանը խոսել է նաև Ռոբերտ Քոչարյանի դատավարության մասին՝ հայտնելով, որ ինքն արդեն այցելել է վերջինիս. «Նրա հետ ունեցել եմ առանձնազրույց: Կալանավորման հաջորդ օրն եմ այցելել: Մենք քննարկել ենք մարդու իրավունքների պաշտպանին վերաբերող հարցերը: Առանձնազրույցի արդյունքներով համապատասխան գրություններ, հարցումներ ենք նախապատրաստել այն հարցերի շուրջ, որոնք բարձրացվել են առանձնազրույցի ժամանակ»:

Թաթոյանը նշել է, որ այս պահին չի կարող բարձրաձայնել, թե ինչ հարցեր են բարձրացվել, քանի որ կան ընթացակարգեր. «Ես պետք է պահպանեմ գաղտնիությունը: Մենք կապի մեջ ենք նաև փաստաբանների հետ: ՄԻՊ-ի համար էական չեն հասարակական ընկալումները որևէ մարդու նկատմամբ, որոնք կան: Ես պարտավոր եմ կատարել իմ գործառույթները՝ չփորձելով դուր գալ որևէ մեկին: Ես միշտ եմ այդպես արել»:

Ամեն դեպքում ՄԻՊ-ը հայտնեց, որ Քոչարյանը ՔԿՀ-ից դժգոհություն չի ներկայացրել. «Բարձրացված հարցերը վերաբերում են ամենատարբեր խնդիրներին»:

Նույն շարքից