Բարի օր Իրավական Հասարակություն 

Երկրում ստեղծված իրավիճակը շատերին հուշում էր, որ կարող էր մեկ այլ որոշում լինել. Արմեն Գևորգյան

analitik.am

Ինչպես քիչ առաջ հայտնեցինք, Առաջին ատյանի դատարանը մերժել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի կալանավորելու մասին միջնորդությունը:

Լրագրողների հետ զրույցում Գևորգյանը հայտարարեց, որ այս պահի դրությամբ դատարանը կայացրել է իրոք արդար որոշում. «Բայց սա չի նշանակում, որ գործն ավարտվել է: Մենք շարունակելու ենք ներկայացնել մեր փաստարկները, մոտեցումները՝ հիմնավորելով մեր անմեղությունը և ներկայացված մեղադրանքների անհիմն լինելը»:

Ինչ վերաբերում է դատական նիստի ժամանակ իր հայտարարությանը, Գևորգյանը նշեց, որ փորձել է ներկայացնել իր անցած ճանապարհը, ինչով է զբաղված եղել վերջին 20 տարիներին ինչ սկզբունքով է կազմակերպել իր աշխատանքը պետական համակարգում. «Ներկայացրել եմ, թե ինչ օգուտ եմ բերել պետությանը և խնդրել եմ դատարանին հաշվի առնել մի քանի հանգամանք, որոնք, իմ կարծիքով, կալանավորման համար հիմք չպետք է հանդիսանան»:

Պատասխանելով հարցին, թե ինչ կապ ունի ինքը Մարտի 1-ի հետ՝ նախկին փոխվարչապետն ասաց, որ քննությունը բոլոր հանգամանքները կպարզի. «Մինչ այդ էլ, կան օրինական ուժի մեջ մտած դատական վճիռներ, արձանագրված է, թե ով ինչ մեղք է ունեցել: Ինձ համար նույնպես անակնկալ է եղել 4 ամիս հետո մեղադրանքի փոփոխությունը: Երբ ինձ մեղադրեցին դատարանի վրա ազդելու մեջ, դրանից առաջ Սահմանադրական կարգի տապալման մեղադրանքն այլ մարդկանց ներկայացվել էր: Ինչ փոխվեց 4 ամսվա մեջ, ես չգիտեմ»:

Գևորգյանն ասաց, որ հնարավոր է առաջիկայում ասուլիս տա ու հարցերին պատասխանի, իսկ իրավական մասով հարցերին պետք է պատասխանի իր փաստաբանը:

Նախկին փոխվարչապետը հայտնեց, որ դեկտեմբերի 13-ին կայացած նիստի ժամանակ կողմերը հնարավորություն են ունեցել ներկայացնել իրենց փաստարկները, ինքը կողմնակալ մոտեցում չի նկատել դատարանի կողմից, դրա համար բոլոր հնարավորությունները եղել են, որպեսզի դատարանը որպես հիմք ընդունի պաշտպանական կողմի արգումենտները. «Երկրում ստեղծված իրավիճակը շատերին հուշում էր, որ կարող էր մեկ այլ որոշում լինել»:

Նույն շարքից