Հասարակություն 

Կապահովվի ևս 26 դպրոցի սեյսմիկ անվտանգությունը․ Սուրեն Պապիկյան

analitik.am

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն այսօր Կառավարության հասատմանն է ներկայացրել «Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման» ծրագրում ընդգրկված 26 գերակա դպրոցների ցանկը: Ըստ Սուրեն Պապիկյանի այդ դպրոցները ենթակա են առաջնահերթ կարգով ուժեղացման և/կամ նորի կառուցման: Վերջիններս համարվում են սեյսմիկ անվտանգության տեսակետից բարելավման անհրաժեշտություն ունեցող առաջնահերթ դպրոցներ:

Ըստ հիմնավորման՝ հանրապետությունում սեյսմիկ անվտանգության առումով խոցելի և կրթական գործընթացի համար անհրաժեշտ քաղաքաշինական բարելավման ենթակա են համարվել 425 պետական հանրակրթական դպրոց: Ծրագրի շրջանակում նախատեսված է 46 դպրոցների ուժեղացում կամ նորերի կառուցում: Կառավարության 2017 թ. համապատասխան որոշմամբ հաստատվել է 20 դպրոցների ցանկը։ Ներկայում շինարարություն է իրականացվում Վանաձորի թիվ 7 հիմնական դպրոցում, Երևանի թիվ 135 և 153 հիմնական դպրոցներում, Կապանի թիվ 7 հիմնական դպրոցում, Նոր Խարբերդի թիվ 1 միջնակարգ դպրոցում և Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցում: Հաստատված 20 դպրոցներից 5-ի նախագծանախահաշվային փաստաթղթերը մշակվել են և գտնվում են փորձաքննության փուլում:

Գործադիրը հավանություն է տվել նաև Սուրեն Պապիկյանի կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2015 թ. դեկտեմբերի 11-ին ստորագրված «Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագրի ժամկետը երկարաձգելու մասին» նամակ-համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Ծրագրով նախատեսվում է Նուբարաշենում կառուցել տարածաշրջանային աղբավայր և փակել Աջափնյակի և Նուրաբաշենի գործող աղբավայրերը: Վարկային համաձայնագրի վերջին հասանելիության ժամկետը լրանում է 2018 թ. դեկտեմբերի 11-ին: Երևանի քաղաքապետարանից ստացված տեղեկատվության համաձայն, Վարկային համաձայնագրի շրջանակում մրցույթային փաթեթի պատրաստման, վերանայման և հաստատման ժամկետների երկարաձգմամբ պայմանավորված առ այսօր ծրագրի շրջանակներում գումարներ չեն ներգրավվել, որը պայմանավորված է մի շարք պատճառներով: Կապալառուի ընտրության մրցույթը նախատեսվում է իրականացնել ՎԶԵԲ-ի գնումների ընթացակարգերի համաձայն՝ երկու փուլով: Ընդ որում, նմանատիպ մրցույթները կարող են տևել վեց ամսից մինչև մեկ տարի, որի ավարտից հետո նախատեսվում է կապալառուի հետ կնքել պայմանագիր և վերջինս վեց ամսվա ընթացքում պետք է մշակի նոր աղբավայրի կառուցման և երկու հին աղբավայրերի փակման նախագծերը:

Վերջնական նախագծի հաստատումից և համապատասխան ՇՄԱԳ-երի մշակումից և հաստատումից հետո միայն կմեկնարկի նոր աղբավայրի կառուցման և հին աղբավայրերի փակման աշխատանքները, որի տևողությունը երկու տարի է: Ըստ այդմ՝ ծրագրի անխափան իրականացման նպատակով նախատեսվում է վարկային համաձայնագրի վերջին հասանելիության ժամկետը երկարաձգել մինչև 2021թ. հուլիսի 1-ը:

Նույն շարքից