Բարի օր Հասարակություն 

Սպորտի ոլորտում հնարավոր չարաշահումների հետքերով. Ի՞նչ է կատարվում ՀՀ Սամբոյի ֆեդերացիայում

analitik.am

Դեկտեմբերի 5-ին ՀՀ ԱԻՆ-ը տեղեկություն տարածեց այն մասին, որ հրդեհ է բռնկվել  Երևան քաղաքի Նար Դոսի  53 հասցեում գտնվող խանութներից մեկում: Հետաքրքիրն այն էր, որ նշված հասցեն ոչ թե պետք է խանութ լիներ, ինչպես նշված էր ԱԻՆ-ի տարածած հաղորդագրության մեջ, այլ այդ հասցեում է գտնվում Հայաստանի Սամբոյի ֆեդերացիան: Analitik.am-ը փորձեց պարզել, թե այդ ինչպես է ստացվել, որ ՀՀ Սամբոյի ֆեդերացիան վերածվել է փայտե դռների խանութի: Մեր հետաքննությունը բավականին հետաքրքիր փաստեր ի հայտ բերեց այդ հասցեում գտնվող խանութների, պահեստների և առհասարակ Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայի մասին:

Այցելելով այդ հասցեում գտնվող Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայի դպրոց, մենք այնտեղ հայտնաբերեցինք մի քանի մասերից բաղկացած շինություն, որի միայն  մի հատվածում էր տեղակայված դպրոցը: Այս կադրերում երևում է այն, ինչ անվանվում է դպրոց:

Հետաքրքիրն այն է, որ Հայաստանի Սամբոյի ֆեդերացիան միայն 2013 թվականին ՀՀ երիտասարդության և սպորտի հարցերով նախարարությունից ստացել է 51 միլիոն ՀՀ դրամ: Պարզվեց նաև, որ ֆեդերացիային պատկանող շենքում վարձակալությամբ տարածքներ են  տրամադրվում :

 

Նախկին վարձակալներից մեկը նշեց, որ միայն ինքը տարիների ընթացքում Հայաստանի Սամբոյի ֆեդերացիային է տրամադրել  80-100 000 ԱՄՆ դոլար վարձակալության գումար, սակայն չգիտի՝ այդ գումարները փոխանցվել են պետբյուջե, ծախսվել են դպրոցի ծախսերի համար, թե ոչ՝ նշելով, որ դժվար սամբոյի զարգացման համար ծախսված լինեն, քանի որ այս տարիների ընթացքում ականատես է եղել նրան, թե ինչպես է Սամբոյի ֆեդերացիայի նախագահը ծառայեցնում այդ տարածքն իր անձնական շահերի համար:

Վարձակալությամբ տրամադրվող տարածքների մասին փաստը Analitik.am-ի հետ զրույցում չհերքեց նաև ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը: Ըստ օրենքի, այդ գումարները պետք է ծառայեն ֆեդերացիայի ծախսերը հոգալու, բարեկարգելու համար, սակայն կադրերում երևում է այն դպրոցը, որի բարեկարգման համար պետք է ծառայեին վարձակալությունից ստացված գումարները: Դպրոցի աշխատակիցներից մեկն էլ նշեց, որ դպրոցի վերանորոգված մի փոքր հատվածը բարեկարգվել է դպրոցի սաների  ծնողների կողմից տրամադրված գումարների շնորհիվ:

Նշենք, որ ֆեդերացիայի ներկայիս նախագահ Միքայել  Հայրապետյանը ֆեդերացիայի նախկին նախագահ Լևոն Հայրապետյանի որդին է, և ըստ որոշ տեղեկությունների, ֆեդերացիայի նախագահի պաշտոնը ստանձնել է գտնվելով ԱՄՆ-ում և չունենալով որևէ առնչություն սպորտի հետ:

Ֆեդերացիայի շենքում լրագրողներ տեսնելով, հարակից կրպակների վարձակալները ցանկացան զրուցել մեզ հետ և հայտնեցին բավականին հետաքրքիր մանրամասներ: Պարզվում է՝ Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայի նախկին նախագահն իր որդիների հետ սպառնացել է նրանց, որ քանդելու են այդ կրպակները, որպեսզի կրպակների սեփականատերերը  ֆեդերացիայի շենքում տարածքներ վարձակալեն: Ներկայումս կրպակների տարածքները  պատկանում են Երևանի քաղաքապետարանին և վարձակալության գումարները վճարվում են թաղապետարան՝ այսինքն պետբյուջե,  սակայն, ըստ մեր զրուցակցի, սամբոյի ֆեդերացիայի նախագահը ցանկանում է, որ դրանք քանդվեն, որպեսզի ամսեկան այդ գումարները տրամադրվեն ֆեդերացիայի նախագահին: Նա նշեց, որ կարծում են՝ կարող է վերջերս տեղի ունեցած հրդեհի հետ էլ ֆեդերացիան կապ ունենա.

«Այստեղ եղել է հրդեհ և մենք չգիտենք՝ այդ հրդեհն առաջացել է ֆեդերացիայի կողմից, թե ինչ-որ անհատ քաղաքացու կամ այլ պատճառով: Մենք ենթադրում ենք, որ Սամբոյի ֆեդերացիան կապ ունի, քանի որ տարիներ շարունակ ֆեդերացիայի կողմից եղել ա բողոք, որ այս բուդկեքը պետք է այստեղից հանեք, ոչ մեկդ ձեր ընտանիքում պետք է հացի փող չտանեք, ձեր երեխեքին պիտի չպահեք, իրանք միշտ եղել են կողմնակից, որ այս բուդկեքը քանդվեն, մենք մնանք սոված ու միաժամանակ առաջարկվել ա՝ բուդկեքը քանդեք, մենք ֆեդերացիայում տեղ կբացենք, կգաք վարձակալությամբ կաշխատեք»:

Նրանք հայտնեցին նաև, որ ըստ իրենց  տեղեկությունների, ֆեդերացիայում որպես աշխատակիցներ հիմնականում գրանցված են Հայրապետյանների ընտանիքի անդամները՝ կինը, քույրը, եղբայրը և այլն: Որոշ մարզիչներ էլ, ովքեր գրանցված են և աշխատավարձ են ստանում, առհասարակ 1990-ականներին արտագաղթել  են Հայաստանից, սակայն շարունակում են մնալ և  նրանց փոխարեն աշխատավարձ է ստանում ֆեդերացիայի նախագահը: Այս տեղեկությունների իրական լինելը, կարծում ենք, պետք է ստուգեն համապատասխան մարմինները:

Հարակից տարածքի վարձակալները հայտնեցին նաև, որ ֆեդերացիայի տարածքում կա սաունա, իրենց բառերով ասած, ժամանակին այնտեղ պոռնկատուն է եղել և ծառայել է որպես բորդել:

Մեր նկարահանած կադրերում երևում է  ֆեդերացիայի շենքի բարեկարգ հատվածը, որտեղ տեղակայված են գրասենյակները, սակայն կար մի հատված, որտեղ չկարողացանք մուտք գործել և տեսել, թե ինչ է այնտեղ: Ըստ վարձակալների տված տեղեկության, հենց այդ տարածքում է գործում սաունան:

Մի հետաքրքիր բացահայտում ևս՝ Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայի կայքում որպես աշխարհի չեմպիոն նշված է  Արևիկ Կարապետյանը, սակայն մեզ չհաջողվեց աշխարհի չեմպիոնների ցանկում գտնել նրա անունը: Ըստ որոշ տեղեկությունների, Հայաստանի Սամբոյի ֆեդերացիան մի շարք մարզիկների գրանցել է որպես աշխարհի չեմպիոն՝ ստանալով դրա համար պետբյուջեից նախատեսված ամսեկան հոնորարներ, սակայն իրականում այդ մարզիկներն աշխարհի  չեմպիոններ չեն: Սա նույնպես տեղեկություն է, որը պետք է ուսումնասիրվի համապատասխան մարմինների կողմից և բացահայտվի:

Հետաքննության ընթացքում պարզեցինք նաև, որ Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայի մարզիկներից Կոլյա Կարապետյանն արդեն երկու տարի է գտնվում է հիվանդանոցում ծայրահեղ ծանր վիճակում: Այս հարցի մասին նույնպես զրուցեցինք ինչպես Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանի, այնպես էլ Կոլյա Կարապետյանի հարազատների հետ: Կոլյա Կարապետյանի առողջական խնդիրն ամբողջությամբ, հարազատների վրդովմունքն ու դժգոհությունը Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայից, պետական մարմիններից՝ համապատասխան մարմիններից հարցումների պատասխանները ստանալուն  պես կներկայացնենք ամբողջությամբ և համակողմանի:

Նշենք, որ հաշվի առնելով այն փաստը, որ բազմաթիվ նման հաստատություններ կան, որոնք հնարավոր չարաշահումներ են կատարել, Analitik.am-ը հետևողականորեն փորձելու է անդրադառնալ պետբյուջեից սնվող հիմնարկների վիճակին՝ ներկայացնելով  փաստացի վիճակը և այն գումարները, որոնք տրամադրվել են պետբյուջեից տվյալ հիմնարկներին:

 

Նույն շարքից