Քաղաքականություն 

Ինձ համար ընդունելի չէ Նիկոլ Փաշինյանի բառապաշարն ու տոնայնությունը․ Լարիսա Ալավերդյան

analitik.am

Առաջին անգամ, երբ ՀՀ առաջին նախագահը գնաց Արցախ, դրա հետևանքը եղավ այն, որ Արցախի այն ժամանակվա գերագույն խորհրդի նախագահ Գեորգի Պետրոսյանը պաշտոնանկ արվեց: Այս անգամ Հայաստանից պաշտոնատար անձ չգնաց, այնտեղից հրավիրվեց Արցախի նախագահը, որին հաջորդեց Լևոն Մնացականյանի պաշտոնանկությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ նախկին ՄԻՊ Լարիզա Ալավերդյանը:

Տիկին Ալավերդյանը նշեց, որ ինքը չի կարող դատել, թե որքանով են այս զուգահեռներն էական, չի կարող ասել նաև, թե ինչ կապ կա Բակո Սահակյանի հայաստանյան այցի և Արցախում պաշտոնանկությունների միջև, սակայն, քանի որ երկու իրադարձությունները զուտ ժամանակային առումով համընկել են, վարկածը, որ դրանք իրար հետ կապ ունեն, լինելու է:

Նախկին ՄԻՊ-ը կարծում է, որ Լևոն Մնացականյանը լուրջ նշաձող է սահմանել և ով էլ փոխարինի նրան, պետք է ձգտի առնվազն պահպանել այդ մակարդակը. «Բայց մի բան կա, որը ես հստակ պետք է ասեմ: Ես բացասական եմ գնահատում այնպիսի արտահայտությունները, երբ պետության բարձրաստիճան անձն այնպես է անդրադառնում, ինչպես արեց պարոն Փաշինյանը՝ կոշտ, ոչ բարձր պաշտոնական անձին հարիր արտահայտություններով: Խոսքը վերաբերում է այն հայտարարություններին, երբ նա ասաց, որ Արցախում Բակո Սահակյանը պետք է կարգի հրավիրի պաշտոնյաներին: Ես անգամ իմ աշխատողներին այդպես չեմ դիմել: Ինձ համար մերժելի է այդ բառապաշարն ու տոնայնությունը»:

Նույն շարքից