Գլխավոր Քաղաքականություն 

Մերիլանդ նահանգի խորհրդարանը կունենա հայ պատգամավոր

analitik.am

Ընտրույունների արդյունքում ԱՄՆ-ի դաշտային և նահանգային օրենսդիր մարմիններ են ընտրվել մի շարք ամերիկահայեր: Ամերիկայի Ձայնը զրուցել է Մերիլանդի նահանգային խորհրդի նորընտիր անդամ, ամերիկահայ Լորիգ Չարքուդյանի հետ:

Միացյալ Նահանգների քաղաքական կյանքում իրենց ակտիվ դերակատարությունն ունեն ամերիհայերը: Վերջերս կայացած ընտրություններում մի շարք ամերիկահայեր իրենց տեղը զբաղեցրեցին երկրի դաշնային կամ նահանգային օրենսդիր մարմիններում:

Նրանցից է Լորիգ Չարքուդյանը, ով մասնակցելով այս տարվա ընտրություններին, դարձավ Մերիլանդ նահանգի խորհրդարանի անդամ դեմոկրատական կուսակցության կողմից:

Ամերիկյաի Ձայնի հետ զրույցում նա ընդհանուր առմամբ դրական գնահատեց անցած ընտրությունների արդյունքներն իր կուսակցության համար, ինչպես ընդհանուր, այնպես էլ Մերիլանդ նահանգի շրջանակներում:

Ծնունդով Մասաչուսեց նահանգից Լորիգ Չարքուդյանը հանրային գործունեությամբ է զբաղված ավելի քան երկու տասնամյակ: Սոցիալական արդարություն, խտրականության բացառում, ներգաթյալների և կանանց իրավունքների պաշտպանություն և մի շարք այլ կարևոր սոցիալական խնդիրներ նրա ակտիվ օրակարգի անբաժանելի մասն են: Նա ընտրվեց Մերիլանդի նահանգային խորհուրդ «Միացեք մեզ ավելի ներառական և արդար Մերիլանդ կառուցելու» կարգախոսի ներքո:

Մասնագիտությամբ տնտեսագիտության դոկտոր Չարքուդյանը զարգացրել է միջնորդության կամ կողմերի միջև խնդիրների կարգավորման մի մոդել, որը միտված է օգնելու համայնքի բնակիչներին ինքնուրույն կարգավորել ծագած վեճերը: Այսօր նա ղեկավարում է Մերիլանդի համայնքային միջնորդության կենտրոնը, որի շրջանակում այցելել է նահանգի բազմաթիվ հաստատություններ՝ դպրոցներից մինչև կալանավայրեր, դատարաններ ու հիվանդանոցներ:

Նա երկար տարիներ դեմոկրատական կուսակցության աջակից է և անդամ, կիսում է կուսակցության գաղափարախոսությունը, որն էլ ըստ նրա դարձել է իր քաղաքական կողմնորոշման հիմնական դրդապատճառը: Նորընտիր օրենսդիրը հատկապես ընդգծում է կուսակցության տնտեսական քաղաքանությունը, ներառական մոտեցումներն ու բնապահպանության ոլորտում ունեցած դիրքորոշումը:

«Այս ամենը հոգեհարազատ է եղել ինձ մանկուց ի վեր, ուստի երբ եկավ ժամանակը որոշում կայացնելու, ինձ համար ակնհայտ էր ընտրությունը»,- ասում է Չարքուդյանը:

Նրա մշտական ուշադրության կետրոնում է գտնվում նաև ամերիկահայությանը հուզող խնդիրները:

«Ակնհայտ է, որ կան խնդիրներ, որոնք կարևոր են մեզ համար, մասնավորապես Ցեղասպանության ճանաչումը, այսօրվա իրավիճակը: Պետք է վստահ լինենք, որ դաշնային կառավարությունը, որը իրականացնում է արտաքին քաղաքականությունը, աջակցող է հայկական օրակարգին»,- նշում է Չարքուդյանը:

Որպես ամերիկահայ, ում նախնիները եղել են փախստականներ և երեք-չորս սերունդ առաջ ներգաղթել ԱՄՆ, նա գտնում է, որ ներգաղթի պատմական փորձը, որին տիրապետում է այս երկիրը, ամերիկյան արժեհամակարգի կարևոր մաս է: Նա քննադատում է այսօրվա վարչակազմի քաղաքականությունն այս ոլորտում՝ այն համարելով վնասարար ԱՄՆ-ի վարկանիշի համար:

Ամերիկայի ձայն

Նույն շարքից