Հասարակություն 

Երևանի 2019 թվականի բյուջեի մասին

analitik.am

Ուզում եմ ձեզ հետ կիսել մտքերս՝ կապված Երևանի զարգացման ծրագրի և 2019֊ի բյուջեի շուրջ

Կարծում եմ, ոչ ոք չի առարկի, որ քաղաքային իշխանափոխությունը տեղի ունեցավ շատ անհարմար ժամանակ, ինչը էապես բարդացրեց աշխատանքը և եկող տարվա համար կաշկանդեց հեղափոխական բարեփոխումների հնարավորությունը: Բացատրեմ, այնուամենայնիվ, թե ինչ խնդիրներ առաջացան:
Տարեվերջին քաղաքային կառավարում ընդունելը բերեց հետևյալ բացասական գործոնները.

֊ Հատկապես վարչական շրջանները առերեսվեցին դատարկ բյուջեի մարտահրավերին:

֊ 2018֊ի մրցույթները շահած կազմակերպությունների մի մասը տապալվել էին, մյուսը՝ շտապ չեղարկելու կարիք ունեին: Իսկ նոր մրցույթներ հայտարարելը, դրանց նախապատրաստվելը ժամանակատար է և ծավալուն աշխատանք պահանջող: Մասնավորապես, մրցույթին ներկայացվող փաթեթները պետք է իրական հիմք ունենան՝ բացառելով «նկարած թվեր»: Իսկ այդ ամենը աուդիտի , ստուգումների կարիք ունի:
Մրցույթների և գնումների այս կարգը բերեց նրան, որ այս չորս ամիսների ընթացքում խոշոր գումարներ են տնտեսվել, բայց դրանց ծախսը իրավական ճանապարհով բարդացել է:

֊ Ժամանակի սղությունը ստիպում էր մեզ ընդունել փաստաթուղթ՝ լավ իմանալով, որ այն փոփոխվելու է: Այսպես, օրինակ, հաստատեցինք հաստիքացանկ, բայց արդեն իսկ մշակվում է նորը՝ օպտիմալացվածը:
Նույն ճակատագրին կարժանանան Երևանի զարգացման հնգամյա, հաջորդ տարվա զարգացման ծրագրերը և բյուջեն:

֊ Լուրջ, մեր պատկերացրած փոփոխությունների համար անհրաժեշտ են մի շարք օրենսդրական բարեփոխումներ, որոնք չէին կարող իրականացվել մինչև նոր ԱԺ ունենալը:
Կան նաև կառավարությանն առաջարկվող փոփոխություններ:

֊ Չցանկանալով կաթվածահար անել մայրաքաղաքի բնականոն կյանքի ապահովման որևէ սեգմենտ, քաղաքային իշխանությունները չգնացին կադրային կամ համակարգային կտրուկ փոփոխությունների: Ապակե բաժակների բուրգի պես է. մեկ կտրուկ շարժում, սխալ հանած բաժակ, բուրգը կարող է փլվել:

Հիմա՝ ծրագրերի ու բյուջեի մասին: Ինչպես արդեն նշեցի, դրանք փոփոխման ենթակա են լինելու: Հետզհետե ապահովվելու են օրենսդրական հիմքերը, տարբեր ոլորտներում փոփոխություններ են լինելու: Կարծում եմ, որևէ մեկը չի առարկի,որ երեք ամիսը անլուրջ ժամկետ է զարգացման ռազմավարություն մշակելու համար: Այն էլ՝ հենվելով առկա նորմատիվ կարգավորումների վրա և դեռ չունենալով ձեռքի տակ աուդիտորական ստուգումների վերհանածը, թվերի ու ծավալների իրական՝ ոչ ուռճացված պատկերը:

Լիֆտերի, կանաչ գոտիների և այլնի շուրջ բարձրացած աղմուկի մասին:
Սա այն դեպքն է, երբ հատկացվող գումարի նվազեցումը չի նշանակում կատարվելիք աշխատանքների ծավալի նվազեցում: Պարզապես ուսումնասիրվել են իրական թվերը, վերացվել է ուռճացումն ու նկարչությունը:

Բացի այդ, ամենակարևորը, նախկինում այդ մեծ գումարները գնում էին հենց քաղաքապետարանին կից ՓԲԸերին: Կոպիտ ասած՝ մի գրպանից մյուսը խոշոր գումարներ էին դրվում: Իսկ թե ի՞նչ որակի ու ծավալի էր արվում աշխատանքը, ինքներդ եք տեսել:

Հիմա լինելու են բաց մրցույթներ, որոնց կարող է մասնակցել ցանկացած կազմակերպություն՝ անելով լավագույն առաջարկը:

Պարգևավճարների ու գործուղումների մասին: Գաղտնիք չէ, որ ցածր աշխատավարձով լավ մասնագետներ չես ներգրավի, իսկ արդեն իսկ եղածներն էլ մոտիվացիա չունեն անելու ավելին: Միևնույն ժամանակ այս փուլում, երբ դեռ կադրային բազան թարմացման, փոփոխման փուլում է, սխալ է համատարած բարձրացնել բոլորի աշխատավարձերը:

Ուստի, ընտրվել է պարգևավճարներով խրախուսելու մեթոդը, երբ շատ աշխատող, արդյունք ցույց տվող աշխատակիցը ստանում է ավելի շատ գումար, քան պասիվը:
Սա հատկապես կարևոր է միջին և ստորին օղակներում: Հավատացեք, հենց այդ օղակներում արվում է ծանր աշխատանք, հատկապես նրանց առջև բարձրացրած նոր նշաձողով, բայց այդ մարդիկ տարիներ շարունակ ստանում են ցածր աշխատավարձ:

Գործուղումների տակ էլ, ինչպես մեզ բացատրեցին, պետք է հասկանալ, աշխատակազմի վերապատրաստումը, փորձի փոխանակումը, կրթվելը, կատարելագործվելը:
Միանգամից ասեմ, որ այստեղ վերապահումներ ունեմ, ինչի մասին և տեղեկացրել եմ:
Ես դեմ եմ, մասնավորապես, բյուջեի հաշվին օտար լեզու սովորեցնելուն, որովհետև, լինելով այդ ոլորտի մասնագետ, պնդում եմ, որ այդ ծրագրերը էֆեկտիվ չեն: Դեմ եմ նաև եղած աշխատակազմից բոլորին «կրթելուն» մեր քաղաքացիների հաշվին: Կամ արդեն իսկ կիրթ կադրեր ընդունեք (առավել ևս, որ աշխատավարձային հարցն ենք լուծում), կամ էլ թող ինքնակրթվեն: Չասած, որ որոշ դեպքերում ոչ թե աշխատավարձ կբարձրացնեի ու կկրթեի, այլ ցտեսություն կասեի օր առաջ:

Այսքանը: Հուսամ, կարևոր տեղեկատվություն էր:
Միշտ ձեզ հետ անկեղծ ու բաց՝ իմանալով հանդերձ, որ ինձ վրա եմ վերցնում քարերը:

Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյան

 

Նույն շարքից