Բարի օր Հասարակություն 

Ընտրությունների պատճառով անուշադրության մատնված հրդեհը Ստեփանավանում, որի արդյունքում մահացել էր 3 մարդ՝ այդ թվում երեխա. Մարդիկ շարունակում են ապրել այս պայմաններում

analitik.am

Դեկտեմբերի 11-ին Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասում մահվան ելքով հրդեհ է տեղի ունեցել: Հրդեհի հետևանքով ընտանիքի 4 անդամներից 3-ը մահացել են, իսկ մյուսին ծայրահեղ ծանր աստիճանի այրվածքով տեղափոխել են Ստեփանավանի այրվածքաբանության կենտրոն։

Analitik.am-ը զրուցեց Աշոտաբերդ թաղամասի բնակիչ Սուրեն Հարությունյանի հետ, ով ասաց, որ 1988-ի երկրաշարժից հետո բնակիչներին տեղավորելու համար կառուցել են 2 հարկանի փայտե ժամանակավոր կացարաններ. «Նախնական պայմանավորվածությունն այն էր, որ ժամանակավոր կացարանները ժողովրդին տրվում է 10 տարի ժամկետով, մինչև նոր, ավելի ամուր շինություններ կառուցելը, բայց այդ 10 տարին մինչ օրս տևում է, արդեն 30 տարին է լրանում: Ամենահետաքրքիրն այն է, որ երկրում շատ անգամներ թե՛ համապետական, թե՛ նախագահի ընտրություններ են եղել, բոլորը եկել են Ստեփանավան, բայց ոչ ոք չի այցելել այդ թաղամաս և չի հետաքրքրվել: Ասեմ նաև, որ թաղամասը գտնվում է միջպետական ճանապարհի վրա»:

Հարությունյանը նշեց նաև, որ տեղի բնակիչները շատ անգամ են բողոքել շենքի ոչ կայուն վիճակից, բայց ոչ ոք չի արձագանքել. «Հիշում եմ՝ երբ դպրոցական էի, Աշոտաբերդ թաղամասում մի շենք հրդեհվեց և բնակիչներից ամեն մեկը մի տեղ տեղավորվեց, ու ամենահետաքրքիրն այն էր, որ այդ թաղամասում դպրոց և մանկապարտեզ կար: Տարիներ առաջ որոշում կայացվեց, որ այդ թաղամասն ուրիշ տեղ տեղափոխելն անհնար է, որովհետև տարածքում կան բնակիչների համար նախատեսված հարմարանքներ և ֆինանսապես անհնար էր 270 ընտանիք լրիվ ուրիշ տարածք տեղափոխել: Որոշեցին նաև, որ Աշոտաբերդ թաղամասում պետք է նոր և ամուր շինություն կառուցվի, բայց մինչ օրս ոչ մի փոփոխություն չկա»:

Հարությունյանի խոսքերով, Աշոտաբերդ թաղամասի բնակիչները տարիներ շարունակ փայտե վառարաններով են  տաքացնում փայտե բնակարանները. «Հիշում եմ նաև մի դեպք, երբ հենց մեր կողքի բնակարանն այրվել էր այդ վառարանի պատճառով: Այնքան թույլ էր այդ շենքի հոսանքները, որ մեկի տան զանգը մի քիչ երկար պահեիր, հնարավոր էր, որ կարճ միացում լիներ»:

Աշոտաբերդ թաղամասի բնակիչը նշեց նաև, որ թաղամասում հրդեհի դեպքեր շատ են եղել և դեկտեմբերի 11-ին տեղի ունեցած հրդեհի դեպքի մասին էլ մի քանի վարկած կա. «Մարդկանց մի մասն ասում է, որ հոսանքի կարճ միացումն է պատճառը, մյուս մասն էլ պնդում է, որ մայրն առավոտյան արթնացել է, որ վառարանը միացնի, ինչի արդյունքում էլ բռնկվել է հրդեհը, և մահացել է 10 տարեկան երեխան: Ես այնպիսի ժամանակ չեմ հիշում, որ տեղի բնակիչները չդիմեն քաղաքապետարան և այլն, նշեմ նաև, որ Ստեփանավանի տարածքի ՔՊ անդամներից 2 ընտրված թեկնածու կա՝ մեկը տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն է, մյուսն էլ Արփինե Դավոյանը, բայց նրանց կողմից էլ ոչ մի արձագանք չի եղել: Նախորդ հրդեհների ժամանակ բացառիկ դեպքեր են եղել, որ անդրադարձել են այս ամենին, բայց ոչ մի արձագանք չի եղել, մոռացվել գնացել է: Վստահ եմ, որ այս դեպքն էլ է մոռացվելու, և այդ մարդիկ շարունակելու են բնակվել այդտեղ, որովհետև առջևում տոներ են»:

Ինչ վերաբերում է այս խնդրի վերաբերյալ նոր իշխանությունների արձագանքին,  Հարությունյանն ասաց, որ Սուրեն Պապիկյանն ասել է, որ կգան և կհավաքագրեն. «Ի՞նչ կա հավաքագրելու, չեմ հասկանում։ Ասեմ, որ այցելել է նաև քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը, բայց դա նրանց հերթական այցելության պրոցեսն է եղել, ոչ մի յուրահատուկ բան չկա: Ամենացավալին այն է, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ այցելել է Ստեփանավան, անցել է Աշոտաբերդ թաղամասի կողքով, բայց ներս չի մտել, նրանց թվում է, որ դա անմարդաբնակ վայր է»:

Մենք զրուցեցինք նաև Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի հետ, ով ասաց, որ դեռ հետաքննություն է ընթանում, և ոչ ոք չգիտի, թե ինչի՞ պատճառով է հրդեհ բռնկվել, որովհետև մասնագետները վերջնական ոչինչ չեն ասել. «Քաղաքապետարանն ի՞նչ կարող է անել իր փոքր բյուջեով, ամեն տարի այդ թաղամասում տանիքները վերանորոգվում են, բայց կապիտալ շինարարությունը քաղաքապետարանը չի կարող իր բյուջեով անել: Արդեն 30 տարի է նույն վիճակն է, բայց դա կառավարության խնդիրն է, իսկ թե կառավարությունից այս խնդրի մասով ի՞նչ արձագանքներ կստանանք, դա չեմ կարող ասել»:

Պարոն Ղարաքեշիշյանը նշեց, որ այս հարցից տեղյակ է  նաև տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը: Analitik.am-ին չհաջողվեց կապ հաստատել տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի հետ:

Օֆելի Իսրայելյան

Նույն շարքից