Հասարակություն Մշակույթ 

Մահացել է Մշակույթի նախկին նախարար Յուրի Մելիք-Օհանջանյանը

ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 2018 թվականի դեկտեմբերի 17-ին, 78 տարեկան հասակում կյանքից հեռացել է բանասեր, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ մշակույթի վերջին նախարար (19.12.1985-03.12.1990) Յուրի Մելիք-Օհանջանյանը:

Յուրի Մելիք-Օհանջանյանը ծնվել է 1940 թվականին Երևանում։ Աշխատանքային գործունեությունը սկսել է ուսանողական տարիներին՝ որպես Երևանի Ֆ. Ձերժինսկու անվան թիվ 20 միջնակարգ դպրոցի պիոներ ջոկատավար։ 1962 թվականին ավարտելով Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը՝ նշանակում է ստանում Արտաշատի շրջան, ուր 3 տարի դասավանդել է Նորաշեն գյուղի միջնակարգ դպրոցում։ 1965-66 թթ. պատասխանատու աշխատանքներ է վարել ՀԼԿԵՄ Երևանի քաղկոմում ու կենտկոմում։ 1966-68 թթ. աշխատել է ՀԿԿ Երևանի Մյասնիկյանի շրջկոմի հրահանգիչ, 1968-76 թթ.՝ ՀԿԿ Երևանի քաղկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի հրահանգիչ, բաժնի վարիչի տեղակալ, 1976-78 թթ.՝ քաղկոմի գիտության և ուսումնական հաստատությունների բաժնի վարիչ։ 1978-83 թթ. վարել է ՀԿԿ Կենտկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչի տեղակալի պաշտոնը։ Ավարտել է ԽՄԿԿ Կենտկոմին առընթեր հասարակական գիտությունների ակադեմիան։ 1983-85 թթ. ընտրվել է ՀԿԿ Երևանի Սպանդարյանի շրջկոմի առաջին քարտուղար։ 1985-90 թթ. եղել է Հայկական ԽՍՀ մշակույթի վերջին նախարարը։

Ընտրվել է ՀԿԿ Կենտկոմի անդամ, ՀԽՍՀ 11-րդ գումարման Գերագույն Խորհրդի պատգամավոր (1985-90 թթ.)։ 1990 թվականին արժանացել է Հայկական ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչի պատվավոր կոչմանը:

Յուրի Մելիք-Օհանջանյանի՝  մշակույթի նախարարի պաշտոնավարման օրոք Հայաստանի մշակութային կյանքն ապրել է նոր վերելք: Նա մեծ ներդրում է ունեցել հայաստանյան մշակույթի մեջ՝ ներկայացնելով այն ոչ միայն ԽՍՀՄ ամբողջ տարածքում, այլ նաև Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան Միաբանությունում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում և այլուր:

Հետագա տարիներին վարել է խմբագրական աշխատանք, ծավալել հասարակական-քաղաքական գործունեություն։ 2001-02 թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության պետի տեղակալ:

Յուրի Մելիք-Օհանջանյանի պայծառ հիշատակն ընդմիշտ կմնա նրան ճանաչածների սրտերում։

 

  • 91
  •  
  •  
  • 2
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    94
    Shares

Նույն շարքից