Մոսկվան հույս ունի, որ Հայաստանի նոր իշխանությունները տղամարդկություն կունենան դիմակայելու ԱՄՆ-ի շանտաժին և ճնշմանը, ինքնուրույն որոշումներ կկայացնելու: Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը:
Ավելի վաղ, իր երևանյան այցի ժամանակ ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել էր, որ ամերիկյան զենքը գերազանցում է ռուսական զենքին՝ հավելելով, որ Հայաստանը պետք է հրաժարվի պատմական ավանդույթներից:
«Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունների ֆոնի վրա Վաշինգտոնի միջամտությունը Երևանի ներքին գործերին և արտաքին քաղաքականությանը դառնում է ցուցադրական»,-ասել է Կարասինը:
Դիվանագետի խոսքերով, Բոլթոնը վիրավորական տոնով է խոսել հայկական պատմական ավանդույթների մասին, ինչպես նաև կոչ է արել գնել ամերիկյան զենք և ցույց է տվել, թե ինչպես կարելի է արագ միանալ հակառուսական պատժամիջոցներին. «Եթե հայ-ամերիկյան հարաբերությունների հրապարակային կողմն այսպիսինն է, ապա միայն ենթադրել կարելի է, թե ինչ է կատարվում կուլիսների ետևում»:
«Հույս ունենք, որ Հայաստանի նոր իշխանությունը, որը խորհրդարանական ընտրությունների արդյունքում ստացավ անհրաժեշտ մանդատը, իր մեջ տղամարդկություն կգտնի դիմակայելու բացահայտ շանտաժին և ճնշմանը, կպաշտպանի որոշումներն ինքնուրույն կայացնելու սուվերեն իրավունքը՝ առաջնորդվելով ազգային շահով»,-ասել է Կարասինը: