Ես ավելի շատ կցանկանայի մեկնաբանել մեր մեկնաբանություններն այդ հայտարարության վերաբերալ: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի վերջին հայտարարությանը:
Մամեդյարովը դեկտեմբերի 18-ին հայտարարել էր, որ Միլանում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ բանակցությունների ժամանակ կողմերը կարողացել են երկար տարիների ընթացքում առաջին անգամ փոխըմբռնման հասնել Արցախյան հիմնախնդրի հարցում:
Փաշինյանը նշեց, որ Միլանում համանախագահների հետ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները հաղորդագրություն են համաձայնեցրել. «Ասվել է, որ երկար ժամանակ չի հաջողվել համաձայնեցնել հաղորդագրություն, որն այս անգամ համաձայնեցվել է: Այսպիսի հայտարարարություններ վերջին 24 տարում բազմաթիվ անգամ եղել են»:
Ինչ վերաբերում է հարցին, թե կա արդյո՞ք նոր բան Արցախի հարցում, Փաշինյանը բացասական պատասխան տվեց. «Նոր բան չկա, և ակտիվությունն այնքանով է, որքանով, որ դուք տեսնում եք: Այսօրվա ակտիվությունը կարող ենք համարել ցածր, կամ ցածրից մի փոքր բարձր: Ինչ վերաբերում է Կասպրշիկի հետ հանդիպմանը, որը տեղի ունեցավ դեկտեմբերի 18-ին, ապա ասեմ, որ նա պարբերաբար գալիս է տարածաշրջան և հանդիպումներ է ունենում: Քանի որ նրա այցերն աշխատանքային բնույթ են կրում, եղել են դեպքեր, որ դրանք չեն լուսաբանվել, բայց ես աշխատակազմին կարգադրել եմ, որ բոլոր շփումները պարտադիր լուսաբանվեն, որովհետև պրոցեսը պետք է լինի թափանցիկ:
ԱՈւզում եմ էլի անդրադառնալ մեր մեկնաբանություններին: Երբ ինչ-որ մեկնաբանություն է հնչում ադրբեջանական կողմից, որն ինչ-որ լավատեսության էլեմենտ է պարունակում իր մեջ, ինձ զարմացնում է Հայաստանի մի շարք մեկնաբանների մեկնաբանությունը, որ ինչ-որ դավադրություն կա: Իսկ ինչու չեն մտածում, որ գուցե Հայաստանի կառավարությանը հաջողվել է համոզիչ փաստարկներ բերել: Հայտարարությունը հրապարակային հայտարարություն է եղել: Երբ ես Սանկտ Պետերբուրգից եկա Գյումրի, Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց շփման մասին և այն, որ առաջինը նրանք արեցին այդ հայտարարությունը, դրանից ինչ-որ մեծ տիտանական եզրահանգումներ արվեցին: Ասեմ, որ մենք էլ պետք է հաղորդագրություն տարածեինք: Ես կարծում եմ, որ Հայաստանի ոչ մի կառավարություն Ղարաբաղի հարցում այսքան թափանցիկ չի եղել, որքան մեր կառավարությունը»: