Հասարակություն 

ՀՀ ոստիկանության պատվիրակության այցերը «112» ծառայություն և ոստիկանության տարածքային ստորաբաժանում

Շարունակվում է ՀՀ ոստիկանության պատվիրակության պաշտոնական այցը Վարաստանի Հանրապետություն: Դրա շրջանակում, դեկտեմբերի 19-ին հայկական պատվիրակությունը՝ ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորությամբ, այցելեց Վրաստանի ներքին գործերի նախարարության 112 արտակարգ իրավիճակների և օպերատիվ արձագանքման կենտրոն:

Կենտրոնի ղեկավարությունը հակիրճ ներկայացրեց ստորաբաժանման գործառույթները, ստեղծման ու կայացման պատմությունը:

Ծառայությունը Վրաստանում ստեղծվել է 2012 թվականին: 112 հեռախոսահամարը գործում է 24 ժամ: Այն փոխարինել է նախկինում գործող 3 հեռախոսահամարների՝ ոստիկանության, շտապ օգնության ու հրշեջ ծառայության:

Միասնական հեռախոսահամարի միջոցով առավել արդյունավետ է ստանալ հեռախոսազանգերը, կառավարել դրանք և ըստ հասցեատերերի փոխանցել տեղեկատվությունը: Արդյունավետ է նաև քաղաքացիների համար, որոնք արտակարգ իրավիճակում ստիպված չեն լինի զանգահարել մի քանի հեռախոսահամարներով:

Հայկական պատվիրակությանը ներկայացվեցին նաև ծառայության կադրային քաղաքականության մանրամասներ:

Կենտրոնում աշխատել ցանկացողները անցնում են պարտադիր մասնագիտական դասընթացներ:

Նույն օրը ՀՀ ոստիկանության պատվիրակությունը այցելեց ոստիկանության տարածքային ստորաբաժանում:

Ստորաբաժանման ղեկավարության հետ հանդիպմանը փորձի փոխանակման նպատակով խոսվեց երկու երկրներում ոստիկանության տարածքային մարմինների տարբեր ծառայությունների մասին, քննարկվեցին դրանց արդյունավետության, կադրերի վերապատրաստման և մասնագիտական այլ ուղղություններ:

ՀՀ ոստիկանության պատվիրակության անդամները ծանոթացան աշխատանքային պայմաններին ու տեխնիկական հագեցվածությանը:

Քննարկվեցին փորձի առարկայական փոխանակման հնարավորությունները, ինչը ավելի կսերտացնի և կամրապնդի երկու երկրների իրավապահների ավանդական համագործակցությունը:


        

Նույն շարքից