Քաղաքական 

Նախիջևանյան հատվածում դիրքային փոփոխությունների 95 տոկոսը եղել են փետրվար-մայիս ամիսներին․ Փաշինյան

Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, խոսելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարության մասին, թե ադրբեջանական կողմին հաջողվել է 2018 թվականին 11 հազար քռ/մ տարածք նախիջևանյան հատվածում իրենց վերահսկողության տակ վերցնել, նշեց, որ ՊՆ-ն մի քանի անգամ լրագրողների խմբին հրավիրել է և նախիջևանյան հատված և լրագրողները հենց տեղում իրավիճակին ծանոթացել են. «Կարծում եմ, որ լրագրողները հենց տեղում հարցերի պատասխանը ստացել են: Բացի դրանից, ես տեսնում եմ, որ նախորդ կառավարության ներկայացուցիչներն ինչ-որ մեկնաբանություններ են անում: Նախիջևանյան ուղղությամբ դիրքային փոփոխությունների 95 տոկոսը տեղի են ունեցել փետրվար-մայիս ամիսներին: Եթե ինչ-որ բան տեղի է ունեցել, ուրեմն տեղի է ունեցել այդ ժամանակ»:

Փաշինյանի խոսքերով, իրականում տեղի է ունեցել դիրքերի որոշակի տեղաշարժեր, որոնք եղել են երկու կողմից․ «Ես պաշտոնապես ասում եմ՝ այն տարածքները, որոնք մայիսի 8-ին եղել են ՀՀ ԶՈւ վերահսկողության ներքո, շարունակում են մնալ Հայաստանի ԶՈւ վերահսկողության ներքո: Դիրքերի հետ կապված ես խոսել եմ նաև նախընտրական քարոզարշավի ժամանակ: Ասել եմ, որ արդյունքում մեր ԶՈւ-ի դիրքերը բարելավվել են, և ռազմավարական նախաձեռնողականությունը շարունակում է մնալ հայկական կողմի ձեռքում»:

Նույն շարքից