Քաղաքական 

Ես էլ եմ այնտեղ եղել. Փաշինյանը՝ հայտնի տեսանյութի և իր վերջին աղմկահարույց նշանակման մասին

0038 հրամանի կոնտեքստում ՀՀ ԶՈւ մի շատ մեծ հատված ներգրավված է եղել պրոցեսներում, ինչ եք առաջարկում, ԶՈւ այդ հատվածը կտրել անջատե՞լ, նման բան չի լինել չի կարող: 0038 հրամանի մասով տեղի է ունենում քննություն և այն անդրադառնում է բոլոր այն մարդկանց, որոնց գործողություններում առերևույթ ի հայտ են գալիս հանցագործության հատկանիշներ: Կապ չունի, թե այդ մարդն ով է: Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով իր նոր խորհրդական Արշակ Կարապետյանի մասին, ում անունը կապում են 0038 հրամանի հետ և ում համարում են ապրիլյան պատերազմում այդքան շատ զոհ ունենալու առաջին մեղավորը:

Ինչ վերաբերում է ապրիլյան պատերազմի մասով մեղադրանքներին, Փաշինյանը նշեց, որ եթե ինչ-որ բանավոր հայտարարություն է հնչում, դա չի նշանակում, որ այդ մարդու մասով եղել է դատավճիռ. «Նրանք, ովքեր ասում են Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն է քառօրյա պատերազմի պատասխանատուն, ըստ էության ասում են, որ նրանից վերև ոչ մեկ պատասխանատու չէ: Նրանք, ովքեր հիշատակում են, որ Կարապետյանին Սերժ Սարգսյանը հանել է այդ իրադարձությունների արդյունքում,ասում  են, որ Սերժ Սարգսյանն արդար դատավոր է: Ես քառօրյա պատերազմի մասին կարդացել եմ հարյուրավոր էջեր գաղտնի նյութեր, որտեղ ոչինչ չեմ գտել հետախուզական տվյալների բացակայության մասին: Այս հարցերը ևս մեկ անգամ վկայում են, որ հանրությունն ունի շատ հարցեր ապրիլյան պատերազմի վերաբերյալ, ինչը նշանակում է, որ մենք հանգիստ պետք է գտնենք դրանց պատասխանները, որոնց այն մասը, որը հնարավոր է ներկայացնել հանրությանը, ներկայացվեն»:

Ինչ վերաբերում է  հարցին, թե ո՞վ է առաջարկել Կարապետյանի թեկնածությունն ու որ արժանիքների համար է նա նշանակվել վարչապետի խորհրդական, Փաշինյանն ասաց, որ ոչ մեկ չի առաջարկել. «Համենայդեպս ԶՈւ ղեկավարության կազմում կա կարծիք, որը համաձայն չէ նախկին կարծիքների հետ։ Ես եմ նշանակել և համոզված եմ, որ նա իր պարտականությունները կկատարի: Եթե որևէ փուլում հարցեր կծագեն, նա ավելի մեծ պարտավորություն կունենա հարցերին պատասխանել ավելի կոնկրետ»:

Փաշինյանը խոսեց նաև հայտնի տեսանյութի մասին, որտեղ Արայիկ Հարությունյանն ու Տիգրան Ավինյանը խոսում են Կարապետյանի մասին. «Ես էլ եմ այնտեղ եղել: Հիմա էլի եմ ասում, որ նախկինում հնչած հայտարարությունները, այդ թվում նաև իմ ու իմ թիմակիցների, դատավճիռ չեն»:

Վերադառնալով քառօրյա պատերազմի թեմային, վարչապետի պաշտոնակատարը հայտարարեց, որ դրանից առնվազն մեկ ամիս առաջ ադրբեջանական զորքերի կուտակում է եղել ամբողջ շփման գծի երկայնքով, դա իմացել են բոլորը. «Ես իրավունք չեմ վերապահի ինձ գնահատականներ տալ, քանի որ դրանք մենք դեռ պետք է գտնենք. Կուտակումների մասին բոլորս ենք տեղյակ եղել»:

Նույն շարքից