Պարոն Լուկաշենկոն ասում է, թե ինքն ինչ է ասել, սակայն չի ասում, թե ես ինչ եմ ասել: Լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերջին հայտարարությունները. «Ես երբ Հայաստան վերադարձա դեկտեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասացի, որ խոսակցություն եղել է, սակայն ասացի, որ մանրամասներ չեմ կարող հայտնել, կոռեկտ չեմ համարում դռնփակ նիստի զրույցի մասին բարձրաձայնել: Ամեն դեպքում ես ասել էի, որ բավարարված եմ այդ խոսակցությունից: Հիմա էլ եմ հաստատում դա: Այդ խոսակցությունն իմ կողմից շարունակելու անհրաժեշտություն չեմ գտնում: Հնարավոր է, որ կան մարդիկ, ովքեր բավարարված չեն այդ խոսակցությունից և բավարարվելու համար դեռ պետք է երկար խոսեն դրա մասին, դա այլ թեմա է»:
Ինչ վերաբերում է մասնավորապես Լուկաշենկոյի հայտարարությանը, որ զենքի հարցը Հայաստանը չի բարձրացնում Պուտինի հետ զրույցներում, Փաշինյանը նշեց, որ իր մամուլի խոսնակն արդեն պարզաբանում տվել է. «Ասվել է, որ ՌԴ նախագահի հետ մեր շփումներում այդ հարցը պարբերաբար բարձրացվել է: Ես հավաստիացնում եմ, որ պարոն Լուկաշենկոյի բարձրացրած հարցերին տեղում տրվել են կոնկրետ և սպառիչ պատասխաններ: Ես անկեղծ ասած տպավորություններ ունեի, որ Լուկաշենկոն բավարարված է, նման տպավորություն ունեին բոլոր ներկաները: Չգիտեմ, թե հետո ինչ է եղել»: