ՖԻԴԵ-ի վարպետ Հովհաննես Հակոբյանը մտահոգ է շախմատի ապագայով և չի ցանկանում, որ տարիների վաստակած արդյունքն ինչ-որ մարդկանց քմահաճույքի պատճառով ընկնի ջուրը:
Analitik.am-ի հետ կապ հաստատած Հակոբյանը նշեց, որ արդեն 15 տարի է զբաղվում է շախմատով. «Այն ինձ համար ճիշտ մարտավարություն է՝ շախմատը պատերազմ է, իսկ խաղացողը՝ հրամանատար: Հայաստանը համարվում է շախմատային գերտերություն, կարծում եմ, որ այն մեծ դեր է խաղում մեր հասարակության համար, շախմատի շնորհիվ երեխաներն իրենց միտքն են զարգացնում, կարելի ասել, որ շախմատը նույնիսկ դաստիարակում է երեխաներին, իսկ ինչ վերաբերում է դպրոցների փակվելուն, դա միանշանակ սխալ է, պետք է խթանել մեր երեխաների անվճար շախմատի ուսուցումը»:
Մեզ հետ զրույցում պարոն Հակոբյանը նշեց նաև, որ ՀՀ-ում շախմատի դպրոցների փակվելը միգուցե կապված է նոր իշխանությունների վարած քաղաքականության հետ. «Ստույգ չեմ կարող ասել, բայց չեմ բացառում նաև այն, որ սա վրեժ է»:
Հարցին, կա՞ն հնարավոր տարբերակներ շախմատը ՀՀ-ում ավելի բարձր մակարդակի հասցնելու համար, ՖԻԴԵ-ի վարպետն ասաց, որ Հայաստանը շախմատային գերտերություն է, և եթե Հայաստանում լինեն շատ խոշոր միջազգային մրցաշարեր, այն լուրջ զարգացում կունենա. «Բայց, եթե որոշ «վրիժառուներ» փակում են դպրոցները, չեմ կարծում թե կգտնվեն հովանավորներ մրցաշարեր կազմակերպելու համար»:
Նշենք, որ Հայաստանում փակվում են շախմատի դպրոցները: Ըստ տեղեկությունների, քննարկվում է նաև դպրոցական առարկաների ցանկից շախմատը հանելու հարցը:
Օֆելի Իսրայելյան