Տրանսպորտային ցանցի մասով Երևանի նախկին իշխանությունների մշակած նախագիծը քննարկվում է ներկա իշխանությունների կողմի և հնարավոր է, որ դա իրականություն դառնա: Այս մասին Analitik.am-ի հետ զրույցում հայտնեց Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
Կարապետյանը նշեց, որ Երևանի նախկին իշխանությունների սկսած գործընթացը չի չեղարկվել և այդ հիմքի վրա՝ բնականաբար որոշ վերանայումներով, քաղաքային գործող իշխանությունները շարունակում են աշխատանքներ կատարել:
Հարցին, թե երբ և ինչպես են ի վերջո քաղաքային իշխանությունները պատրաստվում լուծել տրանսպորտի հարցը՝ հաշվի առնելով քաղաքապետի հայտարարությունը, որ տրանսպորտային ցանցի հարցը լուծվելու է 2-ից 4 տարվա ընթացքում, պարոն Կարապետյանն ասաց, որ ցանցի արմատական բարեփոխումը գործող քաղաքային իշխանությունների և քաղաքապետ Հայկ Մարությանի նախընտրական ծրագրի դրույթներից մեկն է. «Այդ դրույթներն ու առաջնահերթությունը շարունակվում է մնալ ուժի մեջ: Առանց չափազանցության, ամենօրյա ռեժիմով այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում, քննարկումներ քաղաքապետարանի ներսում՝ հնարավոր գործընկերների, կազմակերպությունների և այլ գերատեսչությունների հետ: Այսինքն, հնարավոր բոլոր տարբերակները քննարկվում են: Քաղաքային իշխանություններն իհարկե հակված են ֆինանսական միջոցներ հայթայթել առանց վարկային բեռն ավելացնելու»:
Օֆելի Իսրայելյան