Կառավարության նիստում այսօր քննարկվեց անտառային կոմիտեին տրամադրված միջոցների տնտեսման հաշվին 37,2 դրամ փոխանցել Հայանտառ ՊՈԱԿ-ին որպես ընթացիկ ծախսեր: Նախագիծը ներկայացրեց Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը:
Փոփոխության արդյունքում անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ որոշակի հագուստ, կոշիկ կտրամադրվի անտառապահներին, ովքեր համապատասխան հագուստով կսկսեն տարբերվել քաղաքացիներից, ովքեր կլինեն անտառում: Բացի դրանից, նախարարի պաշտոնակատարը հայտնեց, որ Անտառային կոմիտեին տրամադրված մոտ 542 միլիոն դրամը վերադարձվելու է պետբյուջե:
Գրիգորյանը նշեց, որ ամբողջ աշխարհում անտառային ծառայություններն ունեն իրենց համազգեստն ու տարբերանշանները, ամբողջ փաթեթը ներկայացվել է կառավարությանը, այն նախագծային փուլում է, իսկ քանի որ կան տնտեսումներ, առաջարկվում է այդ գումարը փոխանցել Հայանտառին, իսկ երբ իրավակաան կարգավորումները կլինեն, օրենքին համապատասխան գնումները կիրականացվեն:
Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի համար անհասկանալի էր, թե ինչու են տնտեսումները փոխանցվում Հայանտառին, այլ ոչ թե պետական բյուջե, որտեղից հաջորդ տարի դրանք հնարավոր կլինի կրկին ստանալ: Նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը նշեց, որ ոչ հաջորդ տարվա, ոչ էլ նախորդ տարիների պետբյուջեում գումար նախատեսված չի եղել համազգեստի համար, իսկ այս անգամ գնումները լինելու են զուտ խնայողությունների հաշվին:
Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանն իր հերթին ասաց, թե մինչև հիմա հասկացել էր, որ խոսքը վերաբերում է աշխատանքային արտահագուստին, ոչ թե համազգեստին՝ այն տրամաբանությամբ, որով մեր հասարակության մեջ ընդունված է՝ վաշտերով գնդերով, հրամանատարներով. «Եթե այս ճանապարհով պետք է գնանք, առաջարկում եմ կանգ առնել: Եթե աշխատանքային արտահագուստին է խոսքը վերաբերում, ապա աշխատանքային արտահագուստ, բայց ոչ թե այնպիսի իրավական տեսք տրվի, որ ստացվի անտառային ծառայության գնդապետ կա և այլն: Եկեք ձեռնպահ մնանք»:
Նախարարի այս խոսքերից հետո փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը չկարողացավ զսպել ծիծաղը և սկսեց բարձր ծիծաղել:
Վարչապետն իր հերթին կատակեց՝ իսկ ինչու գնդապետ, այլ ոչ թե գեներալ:
Ջանջուղազյանն ասաց, որ երևակայությունը դրան հերիքեց:
Այս ամբողջ ընթացքում Մհեր Գրիգորյանը չէր կարողանում զսպել ծիծաղն ու համապատասխան կերպով էր արձագանքում զարգացումներին:
Արդյունքում պարզվեց, որ Անտառային ծառայության նույնիսկ գեներալ-լեյտենանտ էլ կա:
«Հա՞, անտառային ծառայության գեներալ կա՞: Լուրջ նման բան կա՞»,-արձագանքեց վարչապետը:
Նախագիծն ընդունվեց։