Հասարակություն գլխավոր 

Ես հենց հիմա պատրաստ եմ հրաժարական տալ. Ոստիկանապետը խոսեց օրենքով գողերի մասին

Այդպես ասած օրենքով գողերը, մինչ գող լինելը մարդ են, ունեն իրավունքներ և պարտականություններ: Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ խոսելով տեղեկությունների մասին, որ օրեր առաջ մի խումբ օրենքով գողեր են ժամանել Հայաստան:

Օսիպյանի խոսքերով, իրականությանը չեն համապատասխանում այն լուրերը, որ կան կայքերում. «Ես պաշտոնապես հայտնում եմ, կրիմինալը երբեք չի եղել այնպիսի վերահսկողության տակ, որը կա այսօր: Ոստիկանությունը տիրապետում է ինֆորմացիային, խոսքը վերաբերում է Հայաստանում հուղարկավորված մարդու գերեզման այցելելուն: Ոստիկանությունը նախապես տեղյակ է եղել և օպերատիվ կանխարգելիչ միջոցներ է այդ մասով իրականացրել: Վստահ եղեք, որ մենք տիրապետում ենք իրավիճակին»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ տարբեր երկրներից Հայաստան են ժամանել մեծ թվով քրեական հեղինակություններ, հիմնականում՝ Ռուսաստանից։ Նրանք եկել են մասնակցելու քրեական հեղինակություն Արմեն Կանևսկոյի՝ Արմեն Հարությունյանի մահվան հերթական տարելիցին:

Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հերքում է տեղեկությունները, համաձայն որոնց ՀՀ 3-րդ նախագահի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդուն՝ Նարեկ Սարգսյանին Պրահայում իրավապահները կարողացել են հայտնաբերել քրեական հեղինակություն համարվող «Զապ»-ի օգնությամբ։

«Եթե որևէ մեկը կարող է ապացուցել, որ ոստիկանությունն այդ հարցով համագործակցել է քրեական հեղինակության հետ, ես այս պահին հրաժարական կտամ իմ այս բարձր պետական պաշտոնից», – ասաց Օսիպյանը:

Ոստիկանապետը խոսեց նաև օրեր առաջ դատարանից Նորատուսցի Ալիկի ազատման մասին՝ հայտարարելով, որ ոստիկանության համար դժվարություններ չեն ստեղծվելու այդ մասով, քանի որ ոստիկանությունն այսօր կաշկանդված չէ. «Մենք բոլորի նկատմամբ ունենք համապատասխան օպերատիվ միջոցներ: Եթե ուշադիր եք, ընտրություններին որևէ մեկը որևէ բան չի արել, քանի որ դա վերահսկվում էր: Ոստիկանությունը զգուշացրել էր, որ պետք է չմիջամտեն: Քանի որ նախազգուշացումը խիստ է եղել, նրանք մտավախություն են ունեցել, որ կարող են խնդիրներ ունենալ, դրա համար առաջարկել են լքել Հայաստանն այդ ընթացքում»:

Նույն շարքից