Հասարակություն 

Կան մարդիկ, ովքեր հասկանում են իրավիճակի փոփոխությունը, գիտեն, որ կփռվեն ասֆալտին, եթե օրենք խախտեն. Վալերիյ Օսիպյան

Համաներման արդյունքում ՔԿՀ-ներից ազատվողների թվում կան մարդիկ, որոնք կրկին հանցագործություններ են կատարել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ նշելով, որ կատարվել են տարբեր հանցագործություններ՝ խուլիգանություն, դանակահարություններ և այլն:

Ինչ վերաբերում է հարցին, թե եղել է արդյո՞ք ժամանակ, երբ Ոստիկանությունը կաշկանդված է եղել՝ հաշվի առնելով այն հայտարարությունները, թե այսօր կաշկանդվածություն չկա, Օսիպյանը նշեց՝ ով ճանաչում է գնդապետ Օսիպյանին, գիտի, որ նա երբեք կաշկանդված չի եղել, բոլորը կարող են ուսումնասիրել իր կենսագրությունն ու գործունեությունը: Նա միևնույն ժամանակ չբացառեց, որ համակարգում հնարավոր է եղել են մարդիկ, ովքեր կաշկանդված են եղել:

Օսիպյանը խոսեց նաև ասֆալտին փռելու օպերացիաների մասին՝ հայտարարելով, որ կան մարդիկ, ովքեր հասկանում են իրավիճակի փոփոխությունը, գիտեն, որ կփռվեն ասֆալտին, եթե օրենք խախտեն:

Լրագրողի դիտարկմանը, որ Գագիկ Ծառուկյանը, Խաչատուր Սուքիասյանը շարունակում են շրջել մի քանի մեքենաներով, Ոստիկանապետն ասաց, որ ինքը համար կփոխանցի, որով հնարավոր կլինի կապ հաստատել ոստիկանության հետ, եթե նման խախտում նկատվի:

ՃՈ-ի մասով դժգոհություններին, որ վարորդների շրջանում անկարգությունների վրա աչք է փակվում, Օսիպյանն ասաց, որ դժգոհություններ միշտ են եղել, կան մարդիկ, ովքեր փորձում են ցեխ շպրտել ոստիկանության վրա, իսկ ՃՈ-ն ամենատեսանելի ստորաբաժանումներից մեկն է: Ոստիկանապետի պնդմամբ, ՃՈ-ն կաշկանդվածություն չունի, չկա կոռուպցիա, ՃՈ-ն այսօր ավելի լավ է աշխատում:

Ինչ վերաբերում է Ոստիկանությունում պաշտոնանկություններին, Ոստիկանապետն ասաց, որ եղել են որոշ ազատումներ, քանի որ ինքը վստահություն է ունեցել, որ հեռացվածները սրտացավ չեն աշխատի:

Նույն շարքից