Հասարակություն 

Բացահայտվեց բեզոարյան այծի ապօրինի որսի դեպք. Շրջանառվում է ԱԺ նախկին պատգամավորի անունը /լուսանկարներ/

Դեկտեմբերի 19-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնում որսագողության վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ ստացվեցին։ Ժամը 21.20-ին, համագործակցելով Ճանապարհային ոստիկանության և Վայոց ձորի բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների հետ, Երևան-Մեղրի ավտոճանապարհի Արենի գյուղի հատվածից, ապօրինի որս կատարելու կասկածանքով բաժին բերման ենթարկվեցին 30-ամյա Վահագն Ա․-ն և 32-ամյա Վարդան Խ․-ն։ Նրանց վարած «Համեր» մակնիշի ավտոմեքենայի զննությամբ, բեռնախցիկում հայտնաբերվեց կենդանու մորթած ու մաշկած մարմին, «Սայգա ՄԿ» և «ՏԻԿԿԱ Տ3» տեսակի ակոսափող, «ԲԵՆԵԼԼԻ» և «ՄՌ 155» տեսակի ողորկափող որսորդական հրացաններ:

Ըստ Վահագն Ա․-ի բանավոր հայտարարության՝ սպանված կենդանին բեզոարյան այծ է, որը նույն օրը, ժամը 14.30-ի սահմաններում, որսացել էր «ՄՌ-155» հրացանով։

Նշանակվել են փորձաքննություններ:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ որսագողության ժամանակ որսագողերի հետ է եղել նաև Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար, «Վեդի Ալկո»-ի սեփականատեր Մանվել Ղազարյանը, ով եղել է Lexus մակնիշի ավտոմեքենայով։ Նա նույնպես բերման է ենթակվել Ոստիկանության Եղեգնաձորի բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից