Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Բանակցում է արդյո՞ք ԲՀԿ-ն Իմ քայլի հետ ԱԺ-ում իր փոխնախագահին անցկացնելու համար

analitik.am

ԱԺ նախագահի պաշտոնում «Իմ քայլը» դաշինքն առաջադրելու է Արարատ Միրզոյանի թեկնածությունը, փոխնախագահների՝ Լենա Նազարյանի և Ալեն Սիմոնյանի: Երրորդ փոխնախագահի պաշտոնը պատկանում է ընդդիմությանը: Լուսավոր Հայաստան կուսակցությունն արդեն հայտնել է, որ իր թեկնածուն Մանե Թանդիլյանն է, իսկ ահա ԲՀԿՆ-ն դեռ լռում է: 132 պատգամավոր ունեցող խորհրդարանում 88 մանդատ ունի «Իմ քայլը» դաշինքը, հետևաբար որոշիչ է լինելու հենց այդ ուժի քվեարկությունը:

Analitik.am-ի հետ զրույցում ԲՀԿ ցուցակով պատգամավոր ընտրված Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն այս հարցում առաջնորդվում է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով. «Թեկնածու առաջադրելու համար պետք է լինի ԱԺ նիստ, իսկ ԱԺ նիստ պետք է լինի այն ժամանակ, երբ սահմանված ժամկետով դեկտեմբերի 21-ը կավարտվի և եթե որևէ քաղաքական ուժ չբողոքարկի ընտրությունները, արդեն հստակ ընթացակարգով կորոշվի ԱԺ առաջին նիստը: Որքանով հասկանում եմ՝ ԱԺ առաջին նիստը տեղի կունենա հունվարի 14-ին և, բնականաբար, ինչպես նախատեսում է ՀՀ Սահմանադրությունը, ԲՀԿ-ն ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար կառաջադրի իր թեկնածուին»:

Մեր այն հարցին, թե եղել են արդյո՞ք «Իմ քայլը» դաշինքի հետ քննարկումներ՝ քվեարկության մասով, տիկին Զոհրաբյանն ասաց, որ տեղյակ չէ՝ հավելելով, որ   երբ կսկսվի նիստը, բնականաբար, քննարկումներ կլինեն խորհրդարանում ներկայացված մնացած քաղաքական ուժերի հետ:

Նույն շարքից