Առողջապահություն Հասարակություն 

Մեկնարկել են սուր իշեմիկ կաթվածների բուժման ծրագրի իրազեկման աշխատանքները

analitik.am

Երևանի ու մարզերի շտապ բժշկական օգնության ծառայության աշխատակիցների համար մեկնարկել են «Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիա ծառայությունների կազմակերպման» ծրագրի իրազեկման աշխատանքները:

«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի և «Էրեբունի» բժշկական կենտրոնի մասնագետները, սահմանված ժամանակացույցի համաձայն, պետք է Երևանի ու մարզերի գործընկերներին ներկայացնեն ծրագրի ներդրման նրբությունները և անելիքները:

Առաջին հանդիպումը տեղի է ունեցել Լոռու մարզում` «Վանաձոր» բժշկական կենտրոնում: Մասնագետները ներկայացրել են ծրագրի առանցքային դրույթները: Միաժամանակ, կողմերը քննարկել են կաթվածի համապարփակ կենտրոնների և շտապ օգնության ծառայությունների ներդաշնակ համագործակցությունը` մանրամասնելով գործընթացը, ռիսկերն ու դրական ելքերի հնարավորությունները:

Բժշկական հասարակության շրջանում իրազեկման աշխատանքները շարունակվելու են:

Նշենք, որ սուր իշեմիկ կաթվածների անվճար բուժման ծրագիրը կմեկնարկի 2019 թվականի փետրվարի 1-ից:

Նույն շարքից