Մշակույթի և Սփյուռքի նախարարությունների աշխատակիցների բողոք ակցիան այսօր ավարտվեց, սակայն նրանք հայտարարեցին, որ պայքարը չեն դադարեցնում, սպասելու են մինչև երկուշաբթի՝ պահանջելով չեղյալ համարել որոշումները:
Խոսքը մասնավորապես վերաբերում է նախարարությունները փակելու և նոր ստեղծվելիք նախարարության կազմի մեջ մտցնելու մասին որոշմանը: Աշխատակիցները պահանջում են, որպեսզի նախարարությունները փակվելու փոխարեն ուժեղացվեն: Նրանց խոսքերով, որևէ մասնագիտական քննարկում չի իրականացվել հասկանալու համար, թե որքանով է նպատակահարմար կառույցների փակումը:
Նախարարության շենքի մոտ հավաքվելուց հետո աշխատակիցները շարժվեցին դեպի կառավարության շենք, որտեղ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ուղղված համապատասխան պահանջով նամակը փոխանցեցին կառավարության աշխատակցին և վերադարձան աշխատավայրեր՝ նշելով, որ կսպասեն մինչև երկուշաբթի և հույս հայտնելով, որ որոշումը կվերանայվի:
Հավելենք, որ նոր ստեղծվելիք նախարարությունը, ամենայն հավանականությամբ, ղեկավարելու է ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը: