Հասարակություն գլխավոր 

Ամուլսարը կարող է լինել տնտեսական զարգացման և բնապահպանության համատեղման լավ օրինակ. Արծվիկ Մինասյան

Մեր փորձաքննության ոչ բավարար վստահելի համակարգն առաջացրել է հասարակության մոտ հսկայական մտահոգություններ և բազմաթիվ հարցադրումներ: Միանշանակ է, որ օբյեկտիվ ու անկախ փորձաքննությունը պետք է սպառիչ պատասխան տա այս հարցին: Այս մասին «Հայաստանի տնտեսություն. ընթացիկ իրավիճակը և տնտեսական հեղափոխության հեռանկարները» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց Արծվիկ Մինասյանը՝ խոսելով Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակի և մասնավորապես այն մասին, թե որքանով է այն վտանգավոր:

Մինասյանը նշեց, որ իրեն անհանգստացնում է մեկ բան՝ ուշանալը. «Այս ուշանալը լավ չէ. կամ՝ այո, կամ՝ ոչ: Դա պետք է արագ անել, որովհետև ամեն օրը բերում է բացասական վերաբերմունք երկրի ներդրումային միջավայրի նկատմամբ: Իմ ուսումնասիրած շրջանում մենք չենք հայտնաբերել այնպիսի խախտում, որը թույլ կտար Բնապահպանության նախարարությանը չեղարկելու եզրակացություն, սակայն դա չի նշանակում, որ իդեալական է ամեն ինչ»:

Նախկին նախարարի խոսքերով, արագ պետք է որոշումը կայացվի, իսկ երկարաձգումը վնաս է թե բնապահպանական տեսակետից, թե տնտեսական զարգացման. «Մենք հաճախ առաջնորդվել ենք մոտեցմամբ, որ տնտեսական զարգացումը հակադարել ենք բնապահպանության հետ: Մինչդեռ մեր խնդիրը դրանք համատեղելն է: Ամուլսարը կարող է դառնալ այդ համատեղման լավ օրինակներից մեկը: Մենք նման համատեղման փորձ ունեցել ենք Շաքեի ջրվեժի մասով, երբ համատեղվեց ջրվեժն ու ՀԷԿ-ը»:

Նկատառմանը, թե վարչապետը հայտարարել է՝ հարցը կլուծվի գարնանը, Մինասյանը նշեց, որ ուշ է:

Նույն շարքից