Մենք մնում ենք այն համոզմունքին, որ Երևան քաղաքը պետք է առնվազն երկու օպերատոր ունենա, իսկ այսօր մենք ունենք միայն Սանիտեք ընկերությունը, որը ժառանգություն է նախորդ իշխանություններից և շատ վատ վիճակում է այսօր՝ ունի մեքենաների պակաս: Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ խոսելով մայրաքաղաքում աղբահանության մասին:
Մարությանի խոսքերով, քաղաքացիները կարծում են, որ ամեն ինչ նորմալ է, անհրաժեշտ թվով տեխնիկա կա. «Քաղաքացիները մտածում են, որ նրանք չեն կարողանում իրենց աշխատանքը կատարել, կամ մենք նրանց չենք աշխատացնում: Իսկ իրականությունն այն է, որ մեքենաներ չունեն, գիշեր-ցերեկ են աշխատում: Մենք ենք ստիպում, որ այդպես աշխատեն: Մենք ավելի քան 10 անգամ հանդիպել ենք նրանց հետ, հորդորել ենք կատարել աշխատանքը»:
Ինչ վերաբերում է նրան, թե ով է մեղավորը, քաղաքապետն ասաց, որ Սանիտեքը, սակայն մեղավոր են նաև նախորդ իշխանությունները, որոնք թույլ են տվել մեկ ընկերության քաղաքի աղբանահանությամբ զբաղվել. «Եթե ես լինեի քաղաքապետը, նման բան թույլ չէի տա: Բնական է, որ այս ընկերությունը հիմա չի ուզում, որ երկրորդ օպերատոր լինի, որովհետև վարկեր ունեն և այլն: Հիմա կա պայմանագիր, որը 12 տարով է կնքված՝ 2013 և 15 թվականին: Եթե նրանք խախտումներ են անում, մենք կարող ենք արձանագրել դրանք, տուգանքներով իրենց սեղմել: Խնդիր հետևյալն է՝ տուգանենք այդ ընկերությանը, սղմենք, սղմենք, սղմենք, թե՝ մաքուր քաղաք ունենանք: Մենք գնում ենք միակ ճանապարհով, որը թույլ է տալիս ունենալ մաքուր Երևան: Չեմ ուզում շատ չակերտներ բացել, որը կվնասի բանակցություններին: Մենք հասել ենք այն փուլին, որ նրանք արդեն համաձայնվել են, որ երկրորդ օպերատոր պետք է լինի: Դա կարևոր է, որ հարցը լուծվում է առանց դատական պրոցեսի»: