Ես պատրաստ եմ Հայաստանի վարչապետի համար ցանկացած հարմար պահի մեկնել Հայաստան և հանդիպել նրան, ԱԳ նախարարի և Պաշտպանության նախարարի հետ: Այս մասին հայտարարել է Բելառուսի ԱԽ քարտուղար Ստանիսլավ Զասը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է Բելառուսի ԱԽ քարտուղար Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու մասին որոշման նախագիծը:
Լուկաշենկոն ասել էր, որ Զասի թեկնածությանն իրենց աջակցությունն են հայտնել բոլոր երկրները, բացի Հայաստանից, որտեղ վերջինս դեռ չի եղել այցով:
Զասը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Հայաստանի իշխանությունների հետ, քննարկել այն խնդիրները և հարցերը, որոնք հայկական կողմը տեսնում է կազմակերպության գործունեության մեջ և դրանից հետո էլ աշխատել՝ այդ թվում նաև այդ խնդիրները լուծելու համար:
Զասը հայտնել է, որ ՀԱՊԿ-ում որոշումներ կայացնելու մասով կան բանաձևեր, որոնք նախատեսված են, եթե անդամ երկրներից որևէ մեկը համաձայն չէ որևէ որոշման հետ: Սակայն նա հույս ունի, որ այս դեպքում նման բանաձևեր կիրառելու անհրաժեշտություն չի լինի, և հարցը կլուծվի կոնսենսուսով, ինչը կլինի լավագույն տարբերակը հետագայում նորմալ աշխատանքի համար:
Նշենք, որ վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի խոսնակ Արման Եղոյանը ՀԺ-ի հետ զրույցում ասել էր, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պատրաստ չէ Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնող Ստանիսլավ Զասի հետ հանդիպել՝ որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուի: