Հասարակություն 

Ավարտվեց «ՆերՈւժ» ծրագիրը

Դեկտեմբերի  20-ին UWC Դիլիջան քոլեջում տեղի ունեցավ «ՆերՈւժ» ծրագրի փակման արարողությունը: Ծրագրին մասնակցում էին մոտ 70 ստարտափերներ, որոնցից 50-ը՝ սփյուռքից: Քառօրյա միջոցառման գերակա նպատակն էր հայազգի երիտասարդ ձեռներեցների համար Հայաստանում բիզնեսով զբաղվելու հարթակի և հնարավորությունների ստեղծումը, ստարտափային էկոհամակարգի ստեղծման համար բարենպաստ միջավայրի ապահովումը, առանցքային ստարտափային բիզնեսի զարգացման հմտությունների կիրառումը, համագործակցության և ֆինանսավորման համար հնարավորությունների ընձեռումը: Ծրագրի թիրախային ոլորտներն էին գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը, նորարար տեխնոլոգիաները:

Ծրագրի նախաձեռնող սփյուռքի նախարարության կողմից 15 մլն դրամի չափով դրամաշնորհների արժանացան հետևյալ ստարտափերը՝  Storegear (Նիդերլանդներ), Gruv (ԱՄՆ),  Brushette (ԱՄՆ):

Այլ ստարտափերներ ևս արժանացան տարբեր չափերի դրամաշնորհների ծրագրի գործընկեր կազմակերպությունների կողմից, ինչպես նաև նրանք հետագայում կստանան իրավական ու հարկային անվճար խորհրդատվության, անդամակցություն FAST ստարտափ-ստուդիային` չորս ամիս շարունակ ամբողջական «քոուչինգի» ծրագրերից և աշխատանքային տարածքից օգտվելու հնարավորությամբ, «Impact Hub Yerevan» ընկերությունում ութ ամսվա փորձառնության հնարավորություն և այլն:

Շնորհավորելով մասնակիցների՝ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը  նշեց, որ անկախ արդյունքերից՝ բոլորն էլ հաղթողներ են:

«ՆերՈւժ»-ի գործընկերներ էին Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների  FAST և IDeA հիմնադրամները, Impact Hub-ը, Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (UNDP), «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը, Հայ-ռուսական համալսարանը, Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամը, «Դեպի Հայք» կազմակերպությունը և «Արտ Լանչ» սննդի կետերի ցանցը,  GG  առցանց տաքսի ծառայությունը և այլն:

 

 

Նույն շարքից