Հասարակություն 

Պարզաբանում՝ փրկարարների կողմից Նիկոլ Փաշինյանին ուղղված բաց նամակի վերաբերյալ

Նախօրեին սոցիալական ցանցերում տարածված բաց նամակի առնչությամբ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ 2018թ. ընթացքում ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության թափուր հաստիքների միջին քանակը կազմել է 200 հաստիք, որի արդյունքում տարվա ընթացքում խնայված աշխատավարձի ֆոնդը կազմել է ամսական դրույքաչափի 65%-ը:

Սույն թվականի սեպտեմբերի 4-ին՝ ՀՀ ԱԻՆ աշխատակցի օրվա կապակցությամբ, փրկարար ծառայողները պարգևատրվել են ամսական դրույքաչափի 30%-ի չափով, իսկ մնացած 35%-ը բաշխվել է 2018թ. դեկտեմբերի 19-ին՝ ամանորյա տոների կապակցությամբ:

Հարկ ենք համարում նշել, որ 2019թ. ՀՀ պետական բյուջեով ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության համար նախատեսվել է 1 միլիարդ 500 միլիոն ՀՀ դրամ պարգևատրման ֆոնդ, որը նախատեսվում է բաշխել համապատասխանաբար 2019 թվականի փետրվար, սեպտեմբեր և դեկտեմբեր ամիսներին:

Փրկարար ծառայողների համազգեստների առնչությամբ հայտնում ենք, որ այս պահի դրությամբ փրկարար ծառայության բոլոր մարզային ստորաբաժանումները 99.3%-ով ապահովված են անհրաժեշտ ամենօրյա և ձմեռային համազգեստով՝ 1664 ծառայողից համազգեստի տարբեր բաղադրիչներով չեն ապահովվել ընդամենը 13 ծառայող՝ համազգեստի, գլխարկի կամ կոշիկի համապատասխան չափսի բացակայության պատճառով:

Փրկարար ծառայության անձնակազմի ընդհանուր թվի 10%-ը, որոնք կրում են ամենօրյա մուգ փիրուզագույն համազգեստ, 2018թ-ի ընթացքում դեռ չեն հանդերձավորվել մատակարարման պայմանագրի խզման պատճառով: Մատակարարը տարվա ընթացքում իր պարտականությունները չկատարելու հետևանքով ներառվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հրապարակվող գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցանկում: Հանդերձանքի բաշխումը այս պահին շարունակվում է:

Նույն շարքից