Հասարակություն 

Խոսրով Հարությունյանի՝ փոխնախարարից դեսպան դարձած փեսայի ունեցվածքը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ԱԳ նախկին փոխնախարար, այժմ արդեն Ավստրիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Պապիկյանը 2017թ. տարեկան հայտարարագրում ներկայացրել  է տվյալներ միայն դրամական միջոցների և եկամուտների մասին:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված նրա՝ 2017թ. տարեկան հայտարարագիրը ներկայացրել է 2018 թվականին, երբ դեռ զբաղեցնում էր ԱԳ փոխնախարարի պաշտոնը:

Հայտարարագրում անշարժ և շարժական գույքի վերաբերյալ տվյալներ չկան:

Ըստ 2017թ. տարեկան հայտարարագրի՝ նրա դրամական միջոցները նշված տարվա սկզբին կազմել են 26 440 եվրո և 162 092 ՀՀ դրամ: Իսկ 2017թ. վերջում նշված դրամական միջոցները նվազել են՝ համապատասխանաբար կազմելով 19 000 եվրո և 100 000 ՀՀ դրամ: Հայտարարատու պաշտոնատար անձի եկամուտը նշված հարկային տարում կազմել է 6 963 929 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձից:

Արմեն Պապիկյանը դիվանագիտական կորպուսում է դեռ 1997 թվականից: 2011թ. եղել է ԱԳ նախարարության Եվրոպայի վարչության խորհրդական։ 2011 թ. նշանակվել է Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ: Իսկ մինչ դեսպան նշանակվելը նա զբաղեցրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը: Դեսպան է նշանակվել 2018թ. նոյեմբերի 28–ին: Հավելենք նաև, որ Ա. Պապիկյանը դեռևս գործող խորհրդարանի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի փեսան է»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից