Իրավական գլխավոր 

0038 հրամանն ու մարտի 1-ի իրադարձություններն իրար հետ ընդհանրապես փոխկապակցված չեն. Քոչարյանի փաստաբան

Ռոբերտ Քոչարյանի գործով և՛ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի ընտրությունը, և՛ դատավարության ամբողջ ընթացքը, և՛ դատավորի որոշումը, տեղի են ունեցել օրենքի բազմաթիվ կոպիտ և ակնհայտ խախտումներով: Դատավորը չի պատասխանել մի շարք փաստարկների, որոնք մենք ներկայացրել ենք: Մենք ներկայացրել ենք փաստարկներ, որոնց պատասխանը դատավորը, քննիչը, դատախազը չունեն: Այս պարագայում դատավորը գերադասել է իր որոշման մեջ չանդրադառնալ՝ տպավորություն ստեղծելով, որ դրանք գոյություն չունեն: Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը:

Ալումյանի խոսքերով,  ներկայացված փաստարկները դատավորը կամ ճիշտ չի ընկալել, կամ ճիշտ է ընկալել, սակայն չի կարողացել հստակ պատասխաններ տալ՝ սահմանափակվելով ճշմարտանման և իմաստ չպարունակող հայտարարություններով: Դատավարությունը խայտառակ դատավարություն է եղել, որոշումը կայացվել է խայտառակ ու աննախադեպ խախտումներով:

Երկրորդ նախագահի փաստաբանը նաև  հիշեցրեց դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդության մասին, քանի որ օրենքի ընտրությունը տեղի չի ունեցել օրենքի հիման վրա, ինչն այդպես չի եղել. «Ասում էին, որ ընտրությունը տեղի է ունեցել վիճակահանությամբ, որն արձանագրված չի եղել: Իսկ օրենքը պահանջում է, որ բոլոր գործողությունները պետք է արձանագրված լինեն: Նշեմ, որ դատավորին ինքնաբացարկ էր ներկայացրել նաև քննիչը՝ հայտարարելով, որ գործը տվյալ դատավորի համար չափից ավելի բարդ է և ակնարկեց, որ վերջինիս համար բարդ կլինի որոշում կայացնել: Սակայն դատավորը դա վիրավորական համարեց և այդ միջնորդոթյունն անգամ չքննարկեց: Հիմա տեսնում ենք, որ ավելի լավ կլիներ, եթե քննարկվեր»:

Ալումյանը խոսեց նաև 0038 հրամանագրի մասին՝ հայտարարելով, որ դրանով հակասահմանադրական իրավիճակ չի ստեղծվել, ընդհակառակը, դրանով կանխվել է բանակի ներքաշումը տեղի ունեցող ցույցերին, ինչի վերբարերյալ հստակ տվյալներ են եղել, որ աշխատանքներ են տարվում բանակի ներսում զինվորականներին քաղաքական  գործընթացներին մասնակից դարձնելու համար. «Երբ 0038-ի ամբողջական տեքստն ունենաք, կհամոզվեք, որ այն հակասահմանադրական և հակաօրինական իրավիճակ չի ստեղծել և այդ հրամանն ու մարտի 1-ի իրադարձություններն իրար հետ փոխկապակցված չեն»:

Ալումյանը հիշեցրեց նաև, որ այդ օրերին գործող զինվորական դատախազը ցույց է արել Տեր-Պետրոսյանի հետ, ՊՆ երկու փոխնախարարները հայտարարել են ցուցարարներին միանալու մասին, Երկրապահում գիշեր-ցերեկ քննարկումներ են եղել բարձրաստիճան սպաների մասնակցությամբ ցուցարարներին միանալու թեմայով և ստացվել են զորամասերում աշխատանքներ են տարվում անձնակազմի հետ, որպեսզի զինվորականները միանան ցուցարարներին. «Պատահականություն էր դա, թե ոչ, բայց վերջերս ցուցարարներին միացած փոխնախարարներից մեկը Մելքոնյանը հայտարարեց, որ այդ օրերին հատուկ գնդի 80 տոկոսը պատրաստ է եղել միանալ ցուցարարներին: Դուք պատկերացնո՞ւմ եք, թե դա ինչ կարող էր նշանակել: 0038 հրամանը միայն եղել է բանակի ներքաշումը քաղաքական գործընթացներ թույլ չտալու համար»:

Նույն շարքից