Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի դատավճռում, որն այսօր էլ ուժի մեջ է, հստակ գրված է, թե ինչ մեղքի բաժին է ունեցել վերջինս Մարտի 1-ի իրադարձությունների մեջ: Քոչարյանի քրեական գործն ուղղված է ապացուցելու, որ դեպքերն այդպես չեն եղել, եղել են ուրիշ ձև: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը:
Ալումյանի պնդմամբ, վերոնշյալ նպատակի համար այսօր օգտագործվում են ամենաուժեղ լծակները, որոնք Հայաստանում կան. «Ես համոզված եմ, որ սա արվում է նաև հետագայում Փաշինյանի դատավճիռը վերանայելու համար, այդպես չի կարելի: Նույնիսկ ամենալավ նպատակին էլ չի կարելի ձգտել հասնել օրենքի խախտումով: Օրենքի խախտումն ապականում է նպատակը: Գործի տակ դրված են այնպիսի ականներ, որ եթե ինչ-որ փուլից սկսած դատավարությունն արդար լինի, սկզբնական փուլում արձանագրված խախտումների պատճառով դատավճիռը չի կարող լինել օրինական»:
Փաստաբանի խոսքերով, Քոչարյանի նկատմամբ կիրառվում է քաղաքական հետապնդում: