Հասարակություն 

Ես քաղաքացիների կողքին եմ, բայց ակցիայի մասնակից չեմ. Դիանա Գասպարյան

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը հանդիպել է Մանվել Գրիգորյանի ազատման դեմ բողոքող քաղաքացիների հետ, ովքեր փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը:

Ավելի վաղ Analitik.am-ի հետ Գասպարյանն արդեն հայտնել էր, որ պատրաստվում հանդիպել քաղաքացիների հետ:

Դիանա Գասպարյանը հայտարարեց, որ քաղաքացիների բողոքի ձայնն արդեն հասել է կառավարությանը՝ հավելելով, որ Մանվել Գրիգորյանը Էջմիածին չի գնացել, ուղևորվել է իր ամառանոց. «Հիմա բողոքի ձայնը հասել է տեղ: Իսկ ես վերահաստատում եմ, որ քաղաքացիների կողքին եմ՝ ինչ որոշում էլ որ կայացվի»:

Քաղաքապետը նշեց, որ քաղաքացիների բողոքի ակցիայի հասցեատերը դատավորն է, ով Էջմիածնում չէ. «Միգուցե մե՞նք գնանք»:

Դիանա Գասպարյանը նշեց, որ ակցիան բողոքի ակցիա չէ ընդդեմ իշխանության, քանի որ հավաքվածները իշխանամետ են:

Լրագրողների հետ զրույցում Գասպարյանը հայտարարեց, որ ինքը քաղաքացիների կողքին է հասկանալու համար, թե ինչ պլաններ ունեն. «Ես բոլորի իրավունքները պետք է պաշտպանեմ: Հնարավոր է, որ կան մարդիկ, ովքեր դժգոհություններ ունեն ճանապարհների անանցանելիության պատճառով: Պարզ է, որ դրանով է պայմանավորված իմ այստեղ լինել: Ես ցանկացա տեղեկանալ պլանների մասին, հայտնել, որ ես քաղաքացիների կողքին եմ: Միևնույն ժամանակ փորձեցի հասկանալ՝ գիտակցում են արդյո՞ք նրանք, որ բողոքի հասցեատերը քաղաքում չէ: Ես ակցիայի մասնակից չեմ: Ես ցանկացա տեղեկանալ՝ պատրաստվում են արդյո՞ք Երևանում ակցիաներ իրականացնել, թե՝ ոչ: Ես քաղաքական պաշտոն զբաղեցնող եմ, ակցիայի մասնակից չեմ»:

Հավելենք, որ քաղաքացիները ոչ թե ցանկանում են, որ Մանվել Գրիգորյանն Էջմիածնում չլինի, այլ ցանկանում են, որ նա ազատության մեջ չլինի:

Նույն շարքից